Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մարդկանց, ովքեր Ռուսաստանում հիջաբ կրելու արգելք են պահանջում, «իսլամի թշնամիներ» է անվանել և խոստացել սպանել նրան, ով դստերն ասի հանել գլխաշորը։ Դրա մասին Կադիրովի հայտարարել է Չեչնիայի կառավարության նիստում, որի տեսանյութը հրապարակվել է նրա թելեգրամայան ալիքում։

«Ով աղջկաս ասի՝ հիջաբը հանի, տեղնուտեղը կսպանեմ, հենց տեղում կկրակեմ, ով էլ լինի։ Նա թշնամի է, իմ անձնական թշնամին, իսլամի թշնամին»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։ Այդ պահին տեսանյութում երևում է Կադիրովի դուստրը՝ հանրապետության կառավարության փոխնախագահ Այշատ Կադիրովան։

Չեչնիայի ղեկավարը նշել է, որ հանրապետություն են գալիս տարբեր դավանաքների բազմաթիվ հյուրեր։ «Մենք թքած ունենք նրանց հագուստի կոդի վրա, մենք մտածում ենք մեր [բնակիչների] հագուստի մասին: Կոչ ենք անում, չենք պատժում, բայց խրախուսում ենք մարդկանց գլխաշոր կապել»,- ընդգծել է Կադիրովը։

Չեչնիան հանդես է գալիս «գլխաշորի հետևից վազող անբանների» դեմ»,- նշել է հանրապետության ղեկավարը՝ հավելելով, որ «մենք ոտքի ենք կանգնելու այս շեյթանների (սատանա) դեմ»։ Միաժամանակ նա դեմ է արտահայտվել դեմքը ծածկող փարանջա կրելուն։

Հիջաբը մահմեդական կանանց գլխաշորն է, որը ծածկում է ականջները, պարանոցը և ուսերը։ Փարանջան երկար խալաթ է, որը ծածկում է ամբողջ մարմինը՝ աչքերի հատվածում նեղ բացվածքով։ Ի տարբերություն նիկաբի՝ այն ներառում է դեմքը ծածկող շղարշ՝ աչքերի համար միայն ցանցային բացվածքով:

Մայիսի վերջին Պետդումայի փոխնախագահ Վյաչեսլավ Դավանկովը ներկայացրել է օրինագիծ, որում նշվում է կրթական կազմակերպությունների՝ կրոնական հագուստ, ներառյալ՝ դեմքը մասամբ կամ ամբողջությամբ թաքցնող հանդերձանք կրելու արգելք սահմանելու իրավունքի մասին։ Հիմնավորման մեջ նշվել էր, որ նախաձեռնությունը նպատակաուղղված է «կրթության աշխարհիկ բնույթի ամրապնդմանը»։

Չեչնիայից Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիխանովը քննադատել է օրինագիծը։ Նա ընդգծել է, որ Չեչնիայի իշխանությունները «հավանություն չեն տա» դեմքը ծածկող նիկաբ կրելուն, սակայն հիջաբը «մահմեդական կնոջ կրոնական պարտականությունն է»։ Դավանկովն արձագանքել է դրան՝ ասելով, որ հարգում է բոլոր կրոնները, սակայն օրինագիծը մշակվել է քաղաքացիներից ստացված խնդրանքների հիման վրա։ «Ազգային հանրապետություններում, որտեղ մարդիկ հավատարիմ են ավանդույթներին, նման սահմանափակումների կարիք չկա»,- հավելել է պատգամավորը։

Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հունիսին կոչ էր արել «հրատապ» արգելել Ռուսաստանում նիկաբ կրելը «իսլամիստների» իրականացրած վերջին ահաբեկչությունների պատճառով։ Դրանից հետո Դաղստանի և Կարաչայ-Չերքեզիայի մուֆտիները նիկաբ կրելու համար իրենց շրջաններում ժամանակավոր արգելք էին դրել։