Արաբական երկրների լիգան իր որոշումներով փակել է բոլոր դռները Սիրիայի առջեւ: Այդ մասին այսօր` նոյեմբերի 28-ին, հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի եւ էմիգրացիայի նախարար Վալիդ Ալ-Մուալլեմը: Նրա խոսքով, ԱՊԼ որոշ անդամներ պնդում են սիրիական խնդրի միջազգայնացման վրա:
«Սիրիական բանակի զինծառայողներն իրենց կյանքն են զոհում ահաբեկչությանը դիմակայելով, սակայն բռնությունների դադարեցում պահանջող Լիգան չի ցանկանում խոստովանել, որ Սիրիայում զինված ահաբեկչական խմբավորումներ կան, որոնք բռնության ակտեր են իրականացնում եւ սպանում զինծառայողներին, իրավապահներին ու խաղաղ բնակիչներին, վնաս հասցնում պետական եւ մասնավոր գույքին»,- ասել է Սիրիայի ԱԳ նախարարը:
Նախարարը նաեւ նշել է, թե Սիրիան հաստատել է իր հավատարմությունը Դոհայում հաստատված` ճգնաժամից դուրս գալու արաբական ծրագրին: «Արաբական երկրների լիգան դադարեցրել է Սիրիայի մասնակցությունը իր նիստերին, քանի որ չի ցանկանում լսել այլոց կարծիքը»,- նշել է նա:
Ալ-Մուալլեմը հայտարարել է, թե Սիրիայի Կենտրոնական բանկի հետ բոլոր գործառնությունների դադարեցումը նշանակում է տնտեսական պատերազմի սկիզբ: Նա նաեւ նշել է, թե «Ալ-Ջազիրան» ու «Ալ-Արաբիան» տեղեկատվական պատերազմ են մղում, որի նպատական է շարունակել արյունահեղությունը երկրում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Արաբական երկրների լիգան նոյեմբերի 27-ին տնտեսական պատժամիջոցների փաթեթ էր ընդունել Սիրիայի դեմ: Դրան կողմ էին քվեարկել Արաբական երկրների լիգայի անդամ 22 պետություններից 19-ը:



























