«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է ներկայացրել 2024 թվականի Մամուլի ազատության ինդեքսի վերաբերյալ։ Դրանում Հայաստանը զբաղեցրել է 43-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարձրանալով 6 հորիզոնականով։
«Չնայած պլյուրալիստական միջավայրին, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքային վեճի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ»,- նշել են զեկույցի հեղինակները։ Ադրբեջանում մամուլի ազատության ինդեքսը նահանջել է 13 դիրքով՝ 164-րդ տեղ։
«Նախագահ Իլհամ Ալիևը ոչնչացրել է բազմակարծության ցանկացած դրսևորում և 2014 թվականից ի վեր նա անողոք պատերազմ է մղել մնացած բոլոր քննադատների դեմ», - նշվում է փաստաթղթում։
Վրաստանը զբաղեցնում է 103-րդ տեղը, Իրանը` 176-րդ, Թուրքիան` 158-րդ:





























