Ադրբեջանական բանակի զինծառայող Էլչին Քերիմբեյլին զորամասի հրամանատար Ջավադ Հուսեյնովի հրամանով հարկադրված է եղել մեկ օր շարունակ մերկ կանգնել ձյան եւ սառույցի վրա, որի հետեւանքով զինվորի ոտքերը ցրտահարվել են, եւ նա մահացել է:
Ադրբեջանական «Յենի Մուսավաթ» թերթը, վկայակոչելով նույն զորամասի զինծառայողներից մեկի հոր, Աղդամի Բահարլը գյուղի բնակիչ Գենդաբ Էդիլովից ստացված տեղեկությունները, հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի` Մռավի լեռներում գտնվող թիվ N զորամասում: Զինվորին սպանելուց հետո, նրա դիակը ներքեւ են շպրտել պահակակետից, հայտնել է Գենդաբ Էդիլովը` հավելելով, որ այժմ զինվորի մահվան մեջ մեղադրում են իր որդուն: «Մահացած զինվորի հայրը դատարանում հայտնել է, որ իր որդու սպանության մեջ մեղավոր են նրա հրամանատարները` Ինշալահ Մուսաեւը եւ Ջավադ Հուսեյնովը, սակայն նրա խոսքերին ուշադրություն չեն դարձնում»:
Փաստորեն, դատարանը կոծկում է հրամանատար մարդասպանների հանցանքը` մեղադրանք ներկայացնելով գործի հետ կապ չունեցող զինծառայող Էլնուր Էդիլովին, եզրափակում է թերթը:
Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական Bolgexeber.com կայքը հայտնել էր, թե ինչպես Թարթառի շրջանում տեղկայաված զորամասերից մեկի հրամանատարը ֆիզիկական բռնություններ էր կիրառել զորամասի զինծառայող Անար Բեշիրովի դեմ, մասնավորապես հրամանատարը իր նոթատետրը մտցրել էր զինվորի բերանը եւ այրել` նրան լուրջ վնասվածքներ պատճառելով: Զինվորը զանգահարել էր հորը եւ պատմել իր նկատմամբ կիրառվող դաժանությունների մասին: Այնուհետեւ զինվորի հայրը եկել է վերոնշյալ զորամաս, հանդիպել հրամանատարի հետ, իսկ վերջինս էլ խոստովանել էր ամեն ինչ եւ խոստացել էր, որ նման բան այլեւս չի կրկնվի: Կարճ ժամանակ անց Անար Բեշիրովը կրկին զանգահարել էր հորը եւ հայտնել, որ իր դեմ ավելի «դաժան մեթոդներ» են սկսել կիրառել, հաղորդում է կայքը: Այժմ զինծառայողի հայրը փորձում է համապատասխան մարմիններին իրազեկել իր որդու հանդեպ կիրառվող բռնությունների մասին:




























