Ռեժիսոր Սյուզան Խարդալյանն իր «Տատիկի դաջվածքները» ֆիլմը Գլենդեյլի հանրային գրադարանում ցուցադրելուց հետո կմասնակցի նաեւ դրա քննարկմանը, հաղորդում է «Asbarez»-ը: Մուտքը ազատ է, սակայն տեղերի քանակը` սահմանափակ:
Սյուզան Խարդալյանը գրող եւ ռեժիսոր է: Նա լրագրություն է ուսանել Բեյրութում եւ Փարիզում եւ մինչեւ 1985թ. լրագրող է աշխատել Փարիզում, երբ ձեռնամուխ է եղել ֆիլմի նկարահանմանը: Նա եղել է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ցուցադրված ավելի քան երկու տասնյակ ֆիլմերի ռեժիսորը:
«Տատիկս առեւանգվել է, եւ նրան տարիներ շարունակ Թուրքիայում պահել են ստրկության մեջ: Նրան բռնությամբ խարանել են դաջվածքով որպես սեփականություն, ինչպես խարանում են խոշոր եղջերավոր անասուններին: Այս պատմությունը ցնցել էր ինձ: Ես կիսում եմ այն ամոթը, մեղքը եւ չարությունը, որը մթագնել է տատիկիս ճակատագիրը: Խանում տատի ճակատագիրը նորմայից շեղում չէր. տասնյակ հազարավոր հայ երեխաներ եւ դեռահասներ են առեւանգվել եւ բռնության ենթարկվել, նրանց պահել են ստրկության մեջ»,-պարզաբանել է Սյուզան Խարդալյանը:
«Տատիկի դաջվածքները» ֆիլմը բացահայտում է Հայոց ցեղասպանությունը վերապրած հազարավոր մոռացված կանանց գաղտնիքը, ովքեր ստիպված են եղել զբաղվել մարմնավաճառությամբ, եւ նրանց մարմնին դաջվածքներ են արվել` տեղի բնակիչներից տարբերելու համար:



























