Ադրբեջանում կան իսրայելական այնպիսի հետախուզական կենտրոններ, որոնք չեն ենթարկվում պաշտոնական Բաքվին, և դրանք կարող են հակամարտություն հրահրել Իրանի և Ադրբեջանի միջև։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա գնահատմամբ՛ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի Իրան և Ադրբեջան այցը նպատակ ուներ ապահովելու, որ իրավիճակը վերահսկվի և հնարավոր լինի խուսափել հակամարտությունից։

Նա հիշեցրել է Շոյգուի խոսքերը, ըստ որոնց Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Սրանից ելնելով կարող ենք եզրակացնել, որ վտանգ կար, որ Ադրբեջանը կարող էր օգտվել ստեղծված իրավիճակից և ռազմական հակամարտություն սկսել Հայաստանի հետ։ Այս այցի նպատակը նաև մտադրությունները զսպելուն էր ուղղված»,- նշել է Դանիելյանը։

Նրա համոզմամբ՝ Թել Ավիվին տարածաշրջանում անհրաժեշտ է լայնածավալ պատերազմ՝ հնարավորինս շատ երկրների ներգրավմամբ։

«Նման հնարավորություն Ադրբեջանի դեպքում կա։ Նախիջևանից, որտեղ հաղորդվում էր, որ Իսրայելը տեղակայել է իր հրթիռները, հրթիռակոծումը Իրանի տարածք կարող է հանգեցնել հակամարտության մեջ նաև Թուրքիայի և Ռուսաստանի ներգրավմանը: Իսրայելը բավական գոհ է իսլամական երկրների միջև պատերազմ հրահրելուց, քանի որ դա կշեղի ուշադրությունը Գազայում տիրող իրավիճակից»,- նշել է փորձագետը։

Ըստ նրա՝ր ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Իրանը լայնածավալ պատերազմ չեն ցանկանում։

«Պատերազմ ցանկանում է Իսրայելի առաջնորդը՝ Գազայի պատերազմի ավարտից հետո դատարանի առաջ հայտնվելու վախից, քանի որ նա բազմաթիվ հանցագործություններ է կատարել: Երկրորդ պատճառը ԱՄՆ-ում անցկացվելիք նախագահական ընտրություններն են։ Մեծ պատերազմ հրահրելով և փորձելով ԱՄՆ-ին ներքաշել դրա մեջ՝ Իսրայելի իշխանություններն աջակցում են Թրամփին, ինչը ձեռնտու է պաշտոնական Թել Ավիվին»,- եզրափակել է քաղաքագետը։