Youtube-ի ռուս օգտատերերը սկսել են դժգոհել, որ տեսահոսթինգը դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին վկայում են downdetector.su, «Детектор сбоев» եւ «Сбой.рф» սերվիսների տվյալները։ Խնդիրն առկա է կայքում եւ բջջային հավելվածում։
Բողոքներ են ստացվել Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Եկատերինբուրգի, Ուֆայի, Սարատովի, Սամարայի, Կրասնոդարի, օկուպացված Ղրիմի եւ մի շարք այլ շրջանների բնակիչներից, գրել է Moscow Times-ը։
«Հնահավատները կոտրել են Youtube-ը։ Ռուսաստանցիների ինչին է պետք նման պետությունը, որը դժվարացնում է կյանքը», «Ատում եմ Ռուսաստանի կառավարությունը»։ «Ամեն բան փչացրին։ Հասան Youtube-ին», «Ինչպե՞ս սովորենք։ Վերադարձրեք Youtube-ը, զզվելիներ», «Տոտալիտար գրաքննություն։ Որի պատճառով չեմ կարող երեխայի համար մուլտ միացնել։ Անջատեք ամբողջ ինտերնետը երկրում, տականքներ»,- գրում են մարդիկ մեկնաբանություններում։
Օգոստոսի 6-ին «Մեդուզան», հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ՌԴ իշխանությունները նախազգուշացրել են կապի օպերատորներին Youtube-ը դանդաղեցնելու մասին մինչեւ 128 կիլոբիտ վայրկյանում։ Աղբյուրներից մեկը նշել էր, որ Youtube-ի լիակատար արգելափակում չի նախատեսվում. իշխանությունները ակնկալում են, որ ռուսաստանցիները իրենք կդադարեն օգտվել պլատֆորմից անհարմարությունների պատճառով։ «Եթե նպատակը Youtube-ի բացվելն է, բայց միայն անհարմարություններ պատճառելու համար, սա օպտիմալ սցենար է։ Կարելի է հավաստիացնել, որ արգելափակում չկա, չէ՞ որ սերվիսը դեռ աշխատում է»,- նշել է նա։
Հուլիսի 25-ին ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել էր Youtube-ի արագության կրճատման մասին Ռուսաստանում։ Նա խոստացել էր, որ առաջիկայում արագությունը կընկնի 70 տոկոսի։ Խինշտեյնը սա «հարկադրյալ միջոց» է անվանել՝ ուղղված պլատֆորմի վարչակազմի դեմ։ Շուտով Youtube-ի հասանելիությունը սահմանափակվեց բրաուզերների մեծ մասում։
Առաջին բողոքները ռուսաստանցի օգտատերերից ի հայտ եկան հուլիսի կեսերին։ «Ռոսկոմնադզորը» այն ժամանակ դա բացատրեց Google սարքավորման մաշվածությամբ, որը չի թարմացվել Ռուսաստանից ընկերության հեռանալուց հետո։ Սակայն Google-ում հերքել են այս պնդումները՝ նշելով, որ VPN օգտագործման ժամանակ ՌԴ-ում վիդեոների լիցքավորման հետ կապված խնդիրներ չեն առաջանում։




























