Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությունը բավարարել է Microsoft International Holdings B.V. ընկերության միջնորդությունը «Կվիկ Ռու» ՍՊԸ-ի ռուսական ստորաբաժանման համացանցա-հեռախոսային Skype ծառայությունը ձեռքբերելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերին Microsoft ընկերությունը հայտարարել էր Skype Global S.a.r.l. ընկերության ձեռքբերման գործընթացի ավարտի մասին: Միաժամանակ, Microsoft -ը հայտարարել էր, որ գործարքը Ռուսաստանի հետ չի ավարտի այնքան ժամանակ, քանի դեռ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը չավարտի համապատասխան միջնորդության ուսումնասիրությունը:
РБК-ն գրում է, որ ԱՄՆ-ի եւ Եվրահանձնաժողովի հակամենաշնորհային մարմիններն արդեն հավանություն են տվել Skype-ը Microsoft-ին վաճառելուն:
Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը որոշել էր լրացուցիչ վերլուծել շուկան` կասկածելով, որ գործարքը կարող է հանգեցնել մրցակցության սահմանափակմանը: Նաեւ հաղորդվել էր, որ Ռուսաստանի տարածքում տարածված ծառայության գործունեությամբ հետաքրքրվում են հատուկ ծառայությունները: Մասնավորապես, ԴՀԾ-ն անհանգստացած էր այն կապակցությամբ, որ Skype-ի տվյալների կոդային համակարգը իրենց նպատակների համար կարոող են օգտագործել չարագործները, գրում էLenta.ru-ն:



























