Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աշնանն անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հանդես է գալիս հայտարարություններով։ Այս հայտարարություններից մի քանիսը ծիծաղելի են հնչում, իսկ մյուսներն ուղղակիորեն հակասում են նախորդ հայտարարություններին:

«Մեր ընտրողներից մոտ 400 հազարը, որ «հարկադիր տեղահանվածներ» են, կրկին ստիպված կլինեն քվեարկել Ադրբեջանի տարբեր շրջաններում», - հայտարարել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Պանախովը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ըստ նրա՝ «ազատագրված տարածքներում ստեղծվել է 34 մշտական ​​տեղամաս», ու թեև «վերականգնողական աշխատանքներն այս տարածքներում ընթանում են շատ արագ տեմպերով։ Սակայն այս տարածքները ականապատված են»։

Հիշեցնենք, որ երկար տարիներ Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, որ երկրում կա «մեկ միլիոն փախստական»։ Հիմա էլ պարզվում է, որ «մնացել է» 400 հազար հարկադիր տեղահանված։ Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները 30 տարի շարունակել են փախստականներին պահել հատուկ ճամբարներում, ուստի երկրի այլ շրջաններում կացարաններով տեղակայելու և ապահովելու մասին խոսելն ավելորդ է։

2020-ին Լեռնային Ղարաբաղի մասնակի բռնազավթումից և 2023-ին հայ բնակչության ամբողջական արտաքսումից հետո, Ադրբեջանի իշխանությունները վերաբնակեցրել են ոմանց։ Եվ եթե նույնիսկ որպես ելակետ վերցնենք Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում վերաբնակեցված 100 հազարի անհավանական թիվը, ապա մաթեմատիկային առնչվող խնդիրները դեռ ակնառու են։ Ինչպես ասում էր Ալիսա Աղվեսը, հինգը չի բաժանվում երկուսի: 500 հազարը միլիոն չի՛։ Ուրեմն ո՞ւր կորան  առասպելական կես միլիոն «ադրբեջանցի փախստականները»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր ընտրություններին Լեռնային Ղարաբաղի հայերի մասնակցության մասին։