Իրանցի 6 մոտոցիկլավարները՝ ի նշան խաղաղության, Քերմանից Երեւան են եկել։ Քերման նահանգի զբոսաշրջության և ավտոմոբիլային կենտրոնն օոգոստոսի 4-ին կազմակերպել էր բարեկամական այց դեպի Հայաստան՝ մոտոցիկլետային ռալլի տեսքով:
Հաշվի առնելով Քերման և Արմավիր քաղաքների միջև 2022 թվականի սեպտեմբերին կնքված քույր քաղաքներ հռչակելու մասին ստորագրված համաձայնագիրը, ծրագրի նպատակն է խթանել խաղաղությանը և ներկայացնել երկու երկրների զբոսաշրջային գրավչությունները: Մոտոցիկլետային ռալլի խումբը այսօր՝ ժամը 13:15-ին ժամանել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատուն:
Իրանցի մոտոցիկլավարներից մեկը լրագրողների հետ զրուցյում ասում է, որ Հայաստանի ներսում ճանապարհը շատ գեղեցիկ է, իրենց միակ խնդիրը կապված է եղել ճանապարհների որակի հետ․
«Ես Հայաստանին ու հայ ժողովրդին շատ–շատ եմ սիրում, հինգ տարի Հայաստանում կարատե եմ դասավանդել եւ իմ առաջարկն է եղել, որ այս անգամվա մեր տուրը կազմակերպենք դեպի Հայաստան։ Ինքս եղել եմ 82 երկրում, ճամփորդել եմ Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, սակայն մեր բոլոր մոտոցիկլավարների համար Հայաստանն այլ նշանակություն ունի։ Քերմանից Հայաստան գալիս եւ Հայաստանի ներսում ճանապարհը շատ գեղեցիկ է, մեր միակ խնդիրը կապված է եղել ճանապարհների որակի հետ։ Երեւան ենք հասել 4–5 օրում, այս ընթացքում կանգառ ենք ունեցել Սյունիքի մարզում, ժողովուրդը մեզ լավ է ընդունել, ջերմ ընդունելության ենք արժանացել»։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի խոսքով՝ մոտոցիկլավարները 2300 կիլոմետր անցել են, որպեսզի բարեկամության, եղբայրության և խաղաղության ուղերձը փոխանցեն երկու ժողովուրդներին․ «Քույր քաղաքներ կոչվելու հանգամանքը մի պատրվակ է և պատճառ, զուտ նպատակը բարեկամության և խաղաղության ուղերձը փոխանցելն է։ Եթե հնարավոր է մոտոցիկլետներով Թեհրանից Երևան հասնել, դա նշանակում է, որ մենք շատ մոտ ենք միմյանց։ Մոտոցիկլետներով միայն ցամաքային ճանապարհով հնարավոր է երթևեկել, այլ ծովերից այն կողմ հնարավոր չէ գնալ»։











