Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը վրացի իր գործընկերոջ հետ քննարկել է ճանապարհների հետ կապված խնդիրները: Այդ մասին նախարարն ասել է Թբիլիսիում կայացած ճեպազրույցում:

«Թեեւ մենք պարբերաբար քննարկել ենք այդ խնդիրները, այս անգամ քննարկվել է Հյուսիս-Հարավ միջպետական ճանապարհի խնդիրը, քանի որ կարիք կա այն զարգացնել Բաթումի ուղղությամբ, որպեսզի առնվազն 150 կմ-ով կրճատենք այն»,- ասել է նախարարը:

Վերջինիս խոսքով, քննարկվել է նաեւ Կազբեգի-Լարս ճանապարհի վիճակը, որը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այժմ փակ է, եւ հայ բազմաթիվ բեռնափոխադրողներ այժմ գտնվում են այնտեղ: «Վրաստանի նախագահը հրահանգել է, որ անհապաղ, երբ թույլ տան եղանակային պայմանները, կարգավորվի այդ մեքենաները դուրս բերելու հարցը»,- նշել է նախարարը` հույս հայտնելով, որ հնարավոր կլինի մաքրել ճանապարհները:

Խոսելով Տավուշի մարզում սողանքի հետեւանքով քանդված ճանապարհի մասին, նախարարն ասել է, թե Հայաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում այլ ճանապարհներով փոխադրումները կազմակերպելու համար: Ըստ Մանուկ Վարդանյանի, ճանապարհի փլուզումը որեւէ կերպ չի ազդել բեռնափոխադրումների ծավալի վրա, պարզապես սողանքի պատճառով ավելացել է ճանապարհի երկարությունը, որով անցնում են բեռնափոխադրողները:

Նշենք, որ վրացական կողմը նոյեմբերի 12-ից փակել է Վերին Լարս անցակետը` պատճառաբանելով, որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս մեծ մեքենաների անցումը: Մոտ 200 մեքենաներ մնացել են այդ հատվածում` երեք շաբաթից ավելի: