Ադրբեջանը եւ Թուրքիան սեփականցրել են խաղողի հարյուրավոր, հազարավոր հայկական աբորիգեն սորտեր։ Այս մասին EconoMIX հաղորդման հեղինակ Սուրեն Պարսյանի հետ զրույցում ասել է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ հիմա աշխարհը փորձում է վերադառնալ իր արմատներին ամեն ինչում, որովհետեւ հոգնել է գլոբալիզացիայից, եւ ամեն մեկը դիմադրում է իր ձեւով։
«Եւ գինու աշխարհն էլ փորձում է դիմադրել՝ փնտրելով արմատները, որտեղից է գալիս, ինչ է գալիս, իսկ Նոյ, Արարատ, Հայկական լեռնաշխարհը, մանավանդ Հայկական լեռնաշխարհ՝ հնդեվրոպացիների նախահայրենիք, որտեղ ութ-տաս հազար տարի առաջ, երբ իրենք էստեղից գնացին, արդեն մշակովի էր դարձել խաղողը եւ տարան իրենց հետ խաղողի եւ գինու մշակույթը։ Այսինքն բանալիները, վեկտորները գալիս են դեպի էստեղ՝ Հայկական լեռնաշխարհ», - նշել է Ավագ Հարությունյանը։
Նա շեշտել է, որ Հայաստանի համար խաղողագործության եւ գինեգործության ոլորտում մի շարք կաեւոր հարց է առաջանում։
«Տարածաշրջանում, ցավոք սրտի, մենակ չենք։ Թուրքիան է, որը նստած է մեր ժառանգության վրա ե՜ւ գինեգործական, ե՜ւ խաղողագործական, Վրաստանն է մասամբ, Ադրբեջանն է, որ նստած է մեր ժառանգության վրա, Պարսկաստանն է, որ հյուսիսային մասերը մեր ժառանգության վրա են, բայց հարավայինը՝ ամբողջությամբ իր, Իրաքը, Սիրիան, Պաղեստինը եւ Իսրայելը։ Այս տարածաշրջանը շատ ակտիվ մրցակցության մեջ է։ Եւ կախված է պետական քաղաքականությունից։ Որ պետությունը կվարի այդ վեկտորները որսալու, դեպի ակունքները գալու քաղաքականությունը, նա էլ կլինի դոմինանտ։ Այսինքն այստեղ արդեն գնդակը կառավարությունների դաշտում է»,- ասել է Գինու ազգային կենտրոնի նախագահը։
Նրա խոսքով՝ Վրաստանը դա շուտ հասկացավ, քսան հինգ տարի առաջ դեռ սկսեց դրանով զբաղվել։
«Եւ Վրաստանին օգնեց այն, որ հակառուսական քաղաքականություն սկսեց վարել, Եվրոպան օգտվեց դրանից, բացեց շուկաները։ Ամեն տարի առնվազն հինգ-վեց միլիոն դոլարի գրանտային ծրագրեր է իրականացնում գինեգործության բնագավառում, ֆինանսավորում է բյուջետային ծախսերը խաղողի, գինու հետ կապված։ Պարսկաստանը զբաղված է իսլամով, կարծես թե առաջնային չի համարում։ Սիրիան պատերազմի մեջ է։ Իրաքը նույնպես պատերազմի մեջ է։ Ադրբեջանը շատ ակտիվ հակահայկական գործեր է սկսել։ Մանավանդ, երբ Արցախը հանձնվեց, եւ էդտեղ մենք ունեինք չուսումնասիրված, չգրանցված հարյուրավոր սորտեր հայկական։ Հիմա իրենք դա գրանցում են որպես իրենցը։ Թուրքիան սկսել է արդեն մի երեսուն տարի այս պրոցեսը, որովհետեւ մինչեւ 1931 թվականը Թուրքիայում արգելվում էր գինի պատրաստել։ 1931-ին սկսվեց։ Իհարկե Էրդողանի ժամանակ մի քիչ նվազեց, բայց այնքան հզոր էր հիսունականնների, վաթսունականների, ութսունականների, իննսունականների շարժումը, որ մինչեւ 2015 թվականը իրենք կրկնապատկեցին-եռապատկեցին։ Այսինքն, իրենց հնարավորությունները շատ-շատ մեծ են, մանավանդ որ հազարից ավել հայկական աբորիգեն սորտեր գրանցել են որպես թուրքական», - հավելել է Ավագ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ 11 հազար տարի անընդմեջ մենք ունենք գինեգործությունը։
«Եւ վերջին վեց կամ հինգ հազար տարվա մեջ ինքը որոշեց մեր ինքնությունը։ Շատ քիչ ճյուղեր կան, շատ քիչ ապրանքներ կան, որոնց միջով կարմիր թելի նման անցնում է մեր ինքնությունը եւ առանց որոնց մենք չենք պատկերացնում մեր լինելիությունը։ Դրանցից մեկը գինին է», - նշել է նա։
Գինու ազգային կենտրոնի նախագահը նշել է Հայաստանի՝ որպես գինեգործության հնագույն կենտրոնի, զարգացման փուլերը։ Նրա խոսքով՝ ցարական Ռուսաստանի ժամանակներից ի վեր Հայաստանը սկսեց կրել նաեւ ալկոհոլի հետ կապված Ռուսաստանի մշակույթը։
«Ու մի կողմից դարձանք ցարական Ռուսաստանի համար առաջին խաղողի օղի եւ կոնյակ արտադրող, մյուս կողմից՝ երեք-չորս տոկոս ծավալով գինիների արտադրող, բայց մյուս կողմից մաս կազմեցինք ռուսական մշակույթում օղու դերակատարմանը։ Եւ սա իր արդյունքը տվեց։ Մենք մինչեւ այսօր, կարծում եմ, աշխարհում հինգ-վեցերորդ տեղն ենք մեկ շնչի հաշվով խմված սպիրտի, օղու», - ասել է նա։
Ավագ Հարությունյանի խոսքով՝ 1920 թվականից Ռուսաստանը 180 աստիճանով շրջվեց դեպի այլ մշակույթ, այլ համակարգ։
«Իննսունականներից մենք սկսեցինք վերադառնալ։ Ու կարելի է ասել, որ վերջին տաս տարում ունենք մեր դեմքը, ունենք արտադրողներ, որոնք հպարտորեն ներկայացնում են Հայաստանը։ Եւ ունենք գինիներ, որոնք մրցույթներում միջազգային շատ հեղինակավոր ստանում են լուրջ մեդալներ», - հավելեց նա։











