Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները կրկին խեղաթյուրել են Իսրայելի փոխարտգործնախարար Դաննի Այալոնայի խոսքը:
Այդ մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մեյրոմը` նշելով, որ Իսրայելի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալը երբեք նման հայտարարությամբ հանդես չի եկել: «Նման տեղեկությունը ադրբեջանական մամուլում է հայտնվել մի քանի ամիս առաջ: Չգիտեմ, թե ինչու են նրանք կրկնում նույնը»,-նշել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավորություն կա, որ դեկտեմբերին Կնեսետը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, դեսպանը նշել է. «Ամեն ինչ էլ հնարավոր է: Սակայն ես չեմ կարող որեւէ բան կանխատեսել այժմ: Որոշումը Կնեսետինն է: Խորհրդարանը բաղկացած է քաղաքական գործիչներից, նրանք բոլորը որոշում են կայացնում` ելնելով իրենց հետաքրքրություններից եւ քաղաքական մտածելակերպից », նշել է դեսպանը:
Նշենք, որ ադրբեջանական մի շարք աղբյուրներ մեջբերելով Այալոնին, նշել են, թե իբր նա հայտարարել է, որ «Կնեսետը հնարավորություն չունի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը»:




























