Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 29-ին, հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի եւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Նախագահ Սարգսյանը եւ Վրաստանի խորհրդարանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր, ընդգծելով, որ հարյուրամյակների պատմություն ունեցող հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար ընթացիկ տարին բավականին արդյունավետ է եղել, ինչին նպաստել են տարբեր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները: Այս առումով կարեւորվել է Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, պատգամավորների եւ պատգամավորական խմբերի փոխայցելությունները:
Հանդիպմանը Սերժ Սարգսյանը եւ Դավիթ Բաքրաձեն խոսել են նաեւ հայ-վրացական համագործակցության զարգացմանն ուղղված օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտության մասին, որը, նրանց համոզմամբ, զգալիորեն կնպաստի նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը:
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ի հետ հանդիպմանը երկուստեք կարեւորվել է Հայ առաքելական եւ Վրաց ուղղափառ եկեղեցիների դերը հայ եւ վրացի ժողովուրդների ու երկու պետությունների կյանքում: Նշվել է, որ պատմության ընթացքում դժվարին իրավիճակներում եկեղեցին փոխարինել է պետությանը՝ ամուր պահելով հավատքն ու պահպանելով ազգի ինքնությունը:
Նախագահ Սարգսյանը եւ Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը ընդգծելով, որ երկու բարեկամ ժողովուրդների մշակույթները միշտ փոխլրացրել են միմյանց, կարեւորել են դրացի երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ համագործակցության ընդլայնումն ու հարաբերությունների շարունակական զարգացումը:
Մինչ վերոնշյալ հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, հարգանքի տուրք մատուցել եւ ծաղկեպսակ դրել հուշակոթողին:
Երեկոյան ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ տիկին Սանդրա Ռուլովսի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:




























