Առաջիկա տարիներին Հայաստանում կսկսեն ծառայություններ մատուցել մի շարք հայտնի բրենդային հյուրանոցային ցանցեր: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Մասնավորապես` 2012 թ. առաջին կիսամյակում Ջերմուկում կավարտվի Hyatt հյուրանոցի կառուցումը: Նշենք, որ Hyatt-ը հյուրանոցներ եւ հանգստյան գոտիներ ունի աշխարհի 45 երկրներում, իսկ Հարավային Կովկասում առաջին հյուրանոցը կառուցում է Հայաստանում:

Երեւանի հենց սրտում` Ամիրյան փողոցի վրա, կկառուցվի շքեղ հինգաստղանի Kempinski հյուրանոցը: Սա այս հյուրանոցային ընկերության առաջին նախագիծն է Հայաստանում: Բացումը նախատեսվում է 2013 թ.: Այն հյուրերին կառաջարկի 150 հրամարավետ համարներ եւ լյուքսեր: Kempinski-ն համարվում է Եվրոպայի ամենահին հյուրանոցային ընկերությունը` ստեղծվել է 1897 թ., իսկ ներկայում իր մեջ ներառում է 64 տարբեր հյուրանոցներ` աշխարհի 28 երկրներում:

Աշխարհի ամենախոշոր` Wyndham Hotel Group հյուրանոցային ցանցը Հայաստանում կկառուցի Ramada ցանցի առաջին համալիրը` Ramada Yerevan-ը: Հյուրանոցը գտնվելու է Երեւանի նոր կառուցվող գործարար եւ բնակելի տարածքում` «Նոյ» թաղամասի շրջակայքում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մոտ 3 կմ հեռավորության վրա: Համալիրը կլինի Wyndham Hotel Group խմբի առաջին ներդրումը Հայաստանում: Նախագիծը նախատեսվում է ավարտել 2013 թ.:

Աշխարհում մեկ այլ խոշոր հյուրանոցային ցանց` գերմանական InterContinental Hotels-ը Երեւանում հյուրանոց կկառուցի նախկին Երիտասարդական պալատի տեղում: