The Wall Street Journal պարբերականը հրապարակել է հետաքննություն այն մասին, թե ինչպես է Ուկրաինան պատրաստվում սաբոտաժի ենթարկել Հյուսիսային հոսքը: 2022 թվականի սեպտեմբերին Շվեդիայի և Դանիայի ջրերում մի շարք պայթյունների հետևանքով վնասվել էր Բալթիկ ծովի տակով ռուսական գազը Գերմանիա տեղափոխող խողովակաշարը՝ վիթխարի քանակության մեթան արտանետելով մթնոլորտ։

«Հյուսիսային հոսք» գազատարներում պայթյուններ իրականացնելու գաղափարը ուկրաինացի մի քանի բարձրաստիճան զինվորականների և գործարարների մեջ ծնվել է 2022 թվականի մայիսին։ Գործարարները պայմանավորվել են ֆինանսավորել գործողությունը, հայտնել է BBC-ն։ Ըստ ներգրավվածների՝ գործողության արժեքը կազմել է մոտ 300 հազար դոլար։

Գործողությունը համակարգում էր հատուկ գործողությունների փորձ ունեցող գեներալը (անունը չի նշվում)։ Այդ ժամանակ նա ենթարկվում էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։

Վլադիմիր Զելենսկին ի սկզբանե հավանություն է տվել ծրագրին (հրապարակման մեջ ընդգծվում է, որ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել բանավոր)։ Սակայն, երբ Նիդեռլանդների ռազմական հետախուզությունն իմացավ գազատարը պայթեցնելու ծրագրի մասին, այս տվյալները փոխանցեց ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը։

ԿՀՎ-ն Զելենսկիին խնդրել է չեղարկել գործողությունը, իսկ Ուկրաինայի նախագահը համապատասխան հրաման է տվել Զալուժնիին։ Սակայն նա անտեսել է այդ հրամանը, և սկզբնական գործողության ծրագիրը փոխվել է։

Wall Street Journal-ին տված մեկնաբանությունում Զալուժնին ասել է, որ գործողության մասին ոչինչ չգիտի։ Միաժամանակ պարբերականը նշում է, որ երբ Զալուժնին այս տարվա սկզբին հեռացվեց Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից, նա նշանակվեց Մեծ Բրիտանիայում դեսպան, ինչը նրան քրեական հետապնդման անձեռնմխելիությամբ է օժտել։

Գազատարի պայթեցման գործողությունն իրականացնելու համար կիրառվել է «Անդրոմեդա» զբոսանավը։ Առագաստանավում եղել է վեց մարդ, նրանց թվում՝ 30-ամյա մի կին, ով պետք է պատրանք ստեղծեր, թե հավաքվածները հաճելի նավարկության գնացող ընկերախումբ է։

Պայթյունի վայրում ջրասուզակներն աշխատել են զույգերով։ Նրանք օգտագործել են պայթուցիկ, որը միացված է եղել ժամանակաչափով կառավարվող պայթուցիչներին։

Գազատարի պայթյուններից մի քանի օր անց ԿՀՎ-ն գերմանական գաղտնի ծառայությանն է փոխանցել Նիդեռլանդների ռազմական հետախուզության հաղորդագրությունը։ Այն մանրամասներ է ներկայացրել հարձակման մասին, ներառյալ օգտագործված նավակի տեսակը և հնարավոր երթուղին, որով ընթացել է անձնակազմը:

Բացի դրանից, դիվերսանտները մոռացել են լվանալ «Անդրոմեդա»-ն, ինչը գերմանացի քննիչներին թույլ է տվել հայտնաբերել պայթուցիկի հետքեր, մատնահետքեր և անձնակազմի անդամների ԴՆԹ նմուշներ։ 2022 թվականի նոյեմբերին գերմանացի քննիչները ենթադրում էին, որ պայթյունի հետևում կանգնած են ուկրաինացիներ, ամփոփում է պարբերականը։