Իրանական ոստիկանությունն ազատ է արձակել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վեց աշխատակիցների, որոնց պատանդ էին վերցրել բողոքի ակցիայի մասնակիցները: Այդ մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, այսօր Թեհրանում ցուցարարները ներխուժել էին Մեծ Բրիտանիայի դեսպանատում: Իրանի ոստիկանությունը սկզբում չի խոչընդոտել նրանց, այնուհետեւ փակել է դեսպանատան ճանապարհը: Ցուցարարները ներխուժել են ներս եւ պատուհաններից դուրս նետել դեսպանատան փաստաթղթերը:
Իրանական հեռուստատեսությունը հաղորդել է, որ հակաբրիտանական ցույցի ընթացքում բողոքողները քարկոծել են դեսպանատան շենքը, դյուրավառ պարունակությամբ շշեր նետել` կոտրելով մի քանի պատուհանների ապակիները: Նրանք նաեւ պատռել եւ այրել են բրիտանական դրոշը` տեղը դնելով Իրանինը:
Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի շրջակայքում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, ովքեր վանկարկում են`«Մահ Մեծ Բրիտանիային» եւ պահանջում բրիտանական դեսպանի շուտափույթ հեռացումը:
Իրանում բողոքի ակցիաները կապված են Մեծ Բրիտանիայի կողմից Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցների ընդունման հետ:




























