Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը պաշտոնական Երևանի՝ սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելու, սեփական ռազմավարական սխալ հաշվարկներն ուրիշներին, մասնավորապես՝ Ռուսաստանին վերագրելու քաղաքականության հերթական օրինակ է։ Դրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բայց նրանց քաղաքականությունը այնպես է սահմանված, որ սեփական անհաջողությունների համար իրենք պարզապես պետք է ուրիշին՝ ցանկացած մեկին մեղադրեն:
Հիշեցնեմ, թե ինչպես է հնչում 9-րդ կետը կամ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը վկայակոչել է Լավրովը:
«Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցություններն ապաարգելափակվում են։ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը»։
Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ։
Ընդհանուր առմամբ անցկացվել է 12 հանդիպում, որոնց արդյունքներով հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել։
Այսպիսով, հայկական կողմի խնդրանքով որոշվել է երկաթուղային հաղորդակցության գործարկումը ճանապարհայինի հետ չկապել։
2023 թվականի հունիսի 2-ին Մոսկվայում անցկացված վերջին հանդիպման ժամանակ հաստատվել են տարածքով անցնող երթուղիների նկատմամբ կողմերի ինքնիշխանության և իրավասության սկզբունքները, ինչը պնդել է հենց Երևանը։
Հուսով եմ՝ նրանք, ովքեր զետեղել են վերը նշված մեկնաբանությունը, բավական ժամանակ կունենան նաև այս մեկը մեկնաբանելու համար:
Ընդսմին, երկաթուղային հաղորդակցության մեկնարկի շուրջ վերջնական պայմանավորվածություն հնարավոր չեղավ ձեռք բերել սահմանային հսկողության հարցերում հենց հայկական կողմի անզիջողականության պատճառով։
Երևանը հեռացավ ավելի վաղ համաձայնեցված դիրքորոշումներից և սկսեց պնդել, ինչպես իրենք էին ձևակերպել՝ փոխադարձության սկզբունքը ռուս սահմանապահների առկայության հարցում՝ պահանջելով, որ նրանք լինեն ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական կողմում: Անհասկանալի է՝ ինչն էին վկայակոչում, որովհետև ես հենց նոր պայմանագրի տեքստից մեջբերում արեցի։
Հայաստանի ներկայացուցիչները հրաժարվել են համաձայնության գալ ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության ուժերով տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկման շուրջ։
Բացի դրանից, Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային երթուղու գործարկման ժամկետների առնչությամբ Երևանը որևէ պարտավորություն չի ստանձնել։
Արդյունքում Հայաստանի իշխանությունները իրենց նոր արևմտյան բարեկամների թելադրանով՝ եռակողմ աշխատանքային խմբում փաստացի սառեցրեցին համատեղ աշխատանքը։
Բայց դա հաղորդակցությունների ապաշրջափակման առումով Հայաստանի շահերից բխող ոչ մի գործնական արդյունքի չհանգեցրեց։
Ցավոք, պաշտոնական Երևանը կրկին գործում է Արևմուտքի թելադրանքով` բաց թողնելով ոչ միայն իր հարևանների հետ տրանսպորտային կապերի հաստատման հնարավորությունը՝ ի շահ սեփական տնտեսության, դրանց թվում` «Խաղաղության խաչմերուկի» իր գաղափարի իրականացման միջոցով, այլև ի նպաստ ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը:
Մենք հավատարիմ ենք մնում 2020-2022 թվականներին ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ հայտարարություններին։
Այս համաձայնագրերի համալիրը այլընտրանք չունեցող միակ հիմքն է՝ հայ-ադրբեջանական կարգավորման, Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարգավաճման հասնելու համար։
Երևանի իշխանություններին կոչ ենք անում թույլ չտալ, որ Անդրկովկասում կայուն խաղաղություն հաստատելու երկար տարիների ջանքերն Արևմուտքը տապալի։
Սա հատկապես հրատապ է՝ հաշվի առնելով՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու և Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ մեր հարաբերություններում սեպ խրելու գաղափարով տոգորված ԱՄՆ-ի և ԵՄ-ի մոլուցքը»,- նշել է Զախարովան։











