«Ռոստեխի» ավիացիոն մասնագետները կարող են սկսել հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռի ստեղծման աշխատանքները, որը կունենա ուղղահայաց թռիչքի եւ վայրէջքի հնարավորություն։ «Յակովլեւի» մասնագետները հայտարարել են, որ պատրաստ են շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, թեեւ այս մասին ամբողջական տեղեկություն չկա, տեղեկացրել է «Տեխկուլտը»։

Ինժեներներն սկսել են ակտիվ աշխատանքը դեռեւս 50-ական թթ., իսկ մոտ 60 տարի առաջ օդ է բարձրացել Як-36-ի նախատիպը, 1967թ. այն ցուցադրվել է հանրությանը Դոմոդեդովոյում եւ սենսացիա առաջացրել աշխարհում։

Այնուհետեւ յակովլեւյան կոնստրուկտորական բյուրոյի մասնագետները զբաղվել են Як-38-ի ստեղծմամբ, որն ունի ուղահայաց թռիչքի եւ վայրէջքի հնարավորություն, եւ որը երկրում առաջինը հաջող վայրէջք է կատարել մարտական նավի վրա եւ ընդգրկվել խորհրդային նավատորմի սպառազինությունում։

Հերթական քայլը Як-141-ն է՝ աշխարհում առաջին գերձայնային մարտական ինքնաթիռը, որը կարող է կատարել ուղղահայաց թռիչք, ինչպես նաեւ վայրէջք։ Բայց մի շարք պատճառներով նախագիծը փակվել էր փորձարկումների փուլում։