Մի քանի ավիաընկերություններ թռիչքային երթուղիները շեղել են Մերձավոր Արևելքից և վերսկսել թռիչքները Աֆղանստանի վրայով, ինչը համեմատաբար անվտանգ տարբերակ է, ասվում է Reuters-ի թռիչքների տվյալների վերլուծության մեջ:

Singapore Airlines-ը, British Airways-ը և Lufthansa-ն այն ընկերություններից են, որոնք փոխել են իրենց ինքնաթիռների երթուղիները՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում աճող լարվածությունը, քանի որ Իսրայելի, Լիբանանի և Իրանի միջև լայնամասշտաբ պատերազմի մտավախությունն աճում է:

Ավելի վաղ՝ 2021 թվականին Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո, ավիաընկերությունները հիմնականում դադարեցրել էին թռիչքները Աֆղանստանի վրայով, որը գտնվում է Ասիայի և Եվրոպայի միջև հիմնական երթուղիների վրա:

«Հակամարտությունների զարգացմանը զուգընթաց փոխվել է այն սահմանումը, թե որ օդային տարածքն է պետք օգտագործել: Ավիաընկերությունները ձգտում են հնարավորինս նվազեցնել ռիսկը և Աֆղանստանի վրայով թռիչքները համարում են ավելի անվտանգ տարբերակ՝ հաշվի առնելով Իրանի և Իսրայելի միջև առկա լարվածությունը», - ասել է Flightradar24 թռիչքների կառավարման կազմակերպության ներկայացուցիչ Յան Պեչենիկը: