Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի դպրոցի ներկայիս շենքը 4-րդ կարգի վթարային է, այնտեղ դասապրոցեսը կազմակերպելն ավելի վտանգավոր է, քան նորակառույց շենքում, որտեղ երեխաներին դպրոց ուղարկել Կիրանցի բնակիչները չէին ցանկանում՝ պարզաբանելով, որ այն սահմանին ավելի մոտ է գտնվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը։ Նրա խոսքով, դպրոցի ներկայիս ու նոր կառուցվող շենքերի միջև հեռավորությունը քիչ է, և երկուսն էլ սահմանին մոտ են գտնվում, սակայն իր կարծիքով նոր շենքն ավելի անվտանգ է։
Տնօրենը նշեց, որ դպրոցի նոր շենքը դեռևս շահագործման չի հանձնվել, երբ կհանձնվի, ծնողների հետ կքննարկեն, որտեղ է նպատակահարմար դասապրոցեսը կազմակերպել։
«Ամբողջ գյուղն էլ սահմանին մոտ է, իմ տունն էլ է մոտ, թողնե՞մ, դուրս գա՞մ։ Բոլորիս տներն էլ մոտ են, կարողա՞ մենք մեր կյանքի, անվտանգության մասին չենք մտածում։ Բայց հին շենքը վթարային է, ոչ ոչ չի կարող ասել, թե ե՞րբ ու ի՞նչ ուժգնությամբ երկրաշարժ կլինի։ Պատկերացրե՛ք՝ 4-րդ կարգի վթարային շենք է, պանելային ու ոչ տիպային հարմարեցված։ Ավելի մեծ աղետ կարող է լինել, քան եթե նոր շենքում աշխատենք»,–պարզաբանեց դպրոցի տնօրենը։
Վոլոդյա Բաբինյանի խոսքով, դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում. արդեն ներսի հարդարման փուլին են հասել։
Սպասում է՝ երբ է նոր շենքը շահագործման հանձնվելու, որպեսզի աշակերտների ու նրանց ծնողների հետ որոշեն՝ որ շենքն է ավելի ապահով։
Հարցին, թե արդյո՞ք կառավարությունը գյուղի այլ հատվածում դպրոցի շենք կառուցելու համար նախագիծ չի ներկայացրել, հաշվի առնելով, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների իրականացման առաջին օրերին հայտնում էին, որ եթե ծնողները վախենում են սահմանից 50 մետր հեռավորության վրա գտնվող դպրոց ուղարկել երեխաներին, ապա սահմանից հեռու մեկ այլ շենք կկառուցվի դպրոցի համար, Վոլոդյա Բաբինյանը պատասխանեց. «Ոչ մի նախագիծ չի ներկայացվել առայժմ, ես նման տեղեկություն չունեմ»։
Նրա խոսքով, այս պահին միայն ԿԳՄՍ նախարարության հրամանին են սպասում, որպեսզի 41 աշակերտ ունեցող դպրոցի կարգավիճակը փոխվի՝ հիմնականից դառնա միջնակարգ, որպեսզի երեխաները ստիպված չլինեն 10-12-րդ դասարաններ հաճախելու համար հարակից գյուղեր գնալ։




























