Կարաչայ-Չերքեզիայում Բաշկորտոստանի Հանրապետության 25-ամյա բնակիչ է ձերբակալվել է, հայտնում է Коммерсант-ը։
Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով օպերատիվ տվյալները, նա գաղտնի համաձայնության մեջ է եղել ուկրաինական հատուկ ծառայությունների հետ և ծրագրել է պայթեցնել դատախազության շենքը Կրասնոարմեյսկայա փողոցում՝ Չերքեզսկ քաղաքի կենտրոնում։ Ձերբակալության ստույգ ամսաթիվը հայտնի չէ։
Իրավապահ մարմինների աղբյուրները Коммерсант-ին հայտնել են, որ հարձակվողը հուլիսի վերջին ժամանել է Կարաչայ-Չերքեզիա՝ իրավիճակն ուսումնասիրելու և մանրակրկիտ նախապատրաստվելու համար։ Օգոստոսի 2-ին ինքնաշեն ռումբ է հավաքել ու գնացել դատախազության շենքի մոտ։ Տեղի անվտանգության ուժերին հաջողվել է ձերբակալել անկոչ հյուրին ահաբեկչությունից քիչ առաջ՝ խուզարկության ժամանակ նրա վրա 2 կգ պայթուցիկ են հայտնաբերել։
Ըստ Коммерсант-ի աղբյուրների, հարցաքննության ժամանակ տղամարդը ԱԴԾ աշխատակիցներին ասել է, որ իրեն հավաքագրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ)։ Ուկրաինայի ներկայացուցիչները նրա հետ կապվել են սոցիալական ցանցերից մեկում: Նամակագրության ընթացքում նրանք առաջարկել են որոշակի գումարի դիմաց պայթյուն կազմակերպել Կարաչայ-Չերքեզիայի մայրաքաղաքում։ Ստանալով համաձայնությունը՝ ՈՒԱԾ-ի կուրատորը պահանջել է հաշվետվություններ ներկայացնել բոլոր տեղաշարժերի և ինքնաշեն պայթուցիկ սարքի պատրաստման առաջընթացի վերաբերյալ։
Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 205 հոդվածի երկու մասով: Դատախազության և Քննչական կոմիտեի աշխատակիցները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել իրավիճակը, քանի որ օպերատիվ-քննչական աշխատանքները շարունակվում են։
Տղամարդը քննչական մեկուսարանում կպահվի մինչև հոկտեմբերի 2-ը։





























