Իրանը ողջունում է Եվրամիության հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների զարգացումը։ Դա պահանջում է երկխոսություն՝ խնդիրները լուծելու և եվրոպական երկրների սխալ քաղաքականությունը շտկելու համար։
Դրա մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում։
Զրույցի ընթացքում եվրոպացի քաղաքական գործիչը շնորհավորել է Արաղչիին Իրանի նոր արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Նա հույս է հայտնել, որ Իրանի և Եվրամիության միջև քաղաքական երկխոսություններն ու խորհրդակցությունները նախագահ Մասուդ Պեզեշքիանի նոր վարչակազմի օրոք կշարունակվեն և կընդլայնվեն։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև իրենց հետաքրքրող մի շարք թեմաների, դրանց թվում՝ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների և Գազայի հատվածում Իսրայելի ռեժիմի ցեղասպան պատերազմին առնչվող վերջին զարգացումների շուրջ։





























