Չորս մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, վիրավորվել են կիրակի օրը վաղ առավոտյան Սիդնեյում տեղի ունեցած դանակահարության հետևանքով, հայտնում է Reuters-ը։

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ դեպքի վայրից փախած տղամարդը ձերբակալվել է: Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության նախարար Յասմին Քեթլին ասել է, որ Սիդնեյում մարդկանց համար սպառնալիք չկա:

Ոստիկանությունը հայտնել է, որ ոչ ոք չի զոհվել հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել «կենցաղային միջադեպի» ժամանակ, երբ մեքենան բախվել է մեկ այլ մեքենային Էնգադինի հարավային արվարձանում:

Հարձակվողը «մեր կարծիքով, զինված է եղել դանակով», - ասել է ոստիկանության տեսուչ Դոնալդ Ֆոլդսը հեռուստակոնֆերանսի ժամանակ:

Սիդնեյում, որը հինգ միլիոնանոց քաղաք է, այս տարի մի շարք դանակահարումներ են եղել, ինչը ստիպել է Նոր Հարավային Ուելսի կառավարությանը խստացնել դանակ պահելու մասին օրենքը:

Ապրիլին Սիդնեյի Բոնդիի առևտրի կենտրոններից մեկում դանակահարության հետևանքով զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 12-ը։