ԱՄՆ-ն ամեն ինչ անում է ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու համար` նպաստելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ բանակցությունների առաջխաղացմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը` ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած «Հարավային Կովկասը անկախության ձեռքբերումից 20 տարի անց» կոնֆերանսում:

Ըստ նրա` այդ դիրքորոշումն առաջնային է եղել գրեթե 20 տարվա ընթացքում:

«Դա հաջողության պատմություն չէ այն իմաստով, որ 20 տարվա ընթացքում մենք մեծ առաջընթաց չենք գրանցել  խաղաղ բանակցությունների եւ կարգավորման հարցում, բայց ես նաեւ կարծում եմ, կարեւոր է նշել, որ ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի, մեր, Ռուսաստանի, Ֆրանսիայի, այլ երկրների միջազգային ջանքերի շնորհիվ Հայաստանը եւ Ադրբեջանը կարողացան խուսափել ուղղակի հակամարտությունից: Եւ ես գիտեմ, որ դա բացասական դրական է, դա բացասականի բացակայություն է, բայց դա ինչ-որ շատ էական բան է` հաշվի առնելով այն, թե ինչպիսին էր եւ ինչպիսին կարող էր լինել այդ հակամարտությունը, եթե այն նորից սկսվեր», - նշել է Էրիկ Ռուբինը:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ «դա դժվար առաջընթաց է», ինչը ԱՄՆ-ն էլ է հասկանում, եւ հակամարտությունը դեռ շատ հեռու է լուծվելուց: Կողմերը հեռու են փաստացի խաղաղ բանակցություններից: Նրա խոսքով` այժմ աշխատանք է տարվում հիմնական սկզբունքների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու ուղղությամբ:  «Մենք հույս ունենք, որ եկող տարին այս առումով առաջընթացի տարի կլինի` որոշ ժամանակվա դադարից հետո», - նշել է Ռուբինը: