ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը բավարարված է Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարության հարցում գրանցված առաջընթացով: Այդ մասին նա հայտարարել է Վաշինգտոնում կայացած «Հարավային Կովկասը անկախության ձեռքբերումից 20 տարի անց» թեմայով կոնֆերանսում:
«Մենք բավարարվածությամբ ենք նշում տարածաշրջանում մեր կողմից նկատված առաջընթացը ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Մենք մեզնից կախված ամենն անում ենք, որպեսզի նպաստենք քաղաքացիական հասարակության զարգացմանը»,-նշել է Ռուբինը:
Նրա խոսքով, աշխատանքներ են տարվում Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների հետ, քանի որ երկու երկրներում էլ առաջիկայում ընտրություններ տեղի կունենան: «Մենք կարծում ենք, որ Վրաստանում եւ Հայաստանում առաջիկա ընտրությունները կարեւոր հնարավորություն են, որպեսզի ցուցադրվեն ձեռք բերված հաջողությունները, եւ անցկացվեն ազատ եւ արդար ընտրություններ: Ես պետք է ասեմ, որ երկու երկրներն էլ էական առաջընթաց են գրանցել»,-նշել է Ռուբինը:




























