Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն անցյալ շաբաթ այց է կատարել Մերձավոր Արեւելքի երկրներ, սակայն նա չորս օրով անհասկանալիորեն անհետացել է: The Daily Mail-ը գրում է, որ արքայազնի գրասենյակից հրաժարվել են մեկնաբանել, թե ինչու նրան չի հաջողվել Քաթար հասնել մինչեւ անցյալ կիրակի` նոյեմբերի 27-ը, քանի որ նա չորս օր առաջ հեռացել էր Միացյալ Թագավարությունից:

Միաժամանակ բրիտանական պարբերականը գրում է, որ արքայազնն այդ ընթացքում այցելել է Ադրբեջան, որտեղ նա կապեր ունի այդ երկրի նախագահի հետ` որպես պաշտոնական միջնորդ Միացյալ Թագավորությունների հետ առեւտրական կապերի եւ ներդրումների հարցում:

Այնուհետեւ նա ուղեւորվել է նախատեսված ծրագրով եւ այժմ գտնվում է Աբու Դաբիում:

The Daily Mail-ը նշում է, որ այդ բացահայտումն անշուշտ մտորումների տեղիք է տալիս, քանի որ արքայական տան ներկայացուցիչը աչքի է ընկել տարօրինակ վարչակարգ ունեցող երկրների ղեկավարների հետ ունեցած իր կապերով, իսկ Ադրբեջանը աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկն է:

Էնդրյուն նախկին վեց տարիների ընթացքում ութ անգամ այցելել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ընդ որում այցերից երկուսը ներկայացվել են որպես «նեղանձնական»:

Մի այցը ընթացքում նա եղել է նախագահ Ալիեւին պատկանող կենտրոնում, որտեղ օգտվել է ռուս մերսողների ծառայություններից:

Նրա այցերի հաճախակիությունը ադրբեջանական լրատվամիջոցների մոտ տպավորություն է ստեղծել, թե նա բիզնես կապեր ունի նավթագազային պաշարներով հարուստ Ադրբեջանի հետ, սակայն Բուկինգեմյան պալատը ժխտում է դա:

Պաշտոնապես նրա այցը Ադրբեջան չի մեկնաբանվում, նշվում է, որ նա անձնական գործեր է ունեցել, եզրափակում է պարբերականը: