Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի հետագա պաշտոնավարումը կարող է հարցականի տակ դրվել: Ադրբեջանական «Թուրան» գործակալությունն  անդրադարձել է Բրայզային այդ պաշտոնում Սենատի կողմից հաստատելու խնդրին, նշելով, որ այդ հարցի քննարկման ժամկետների մոտենալուն զուգընթաց` Ամերիկայի հայկական կազմակերպությունները ավելի են ակտիվանում` կանխելու համար Բրայզայի հաստատումը Սենատի կողմից։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ԱՄՆ Սենատը չհաստատեց նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված չորս դեսպանների թեկնածությունը։ Շրջանցելով Սենատը` Օբաման տարեվերջին նրանց, այդ թվում` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային, դեսպաններ նշանակեց իր հրամանագրով, սակայն նման ճանապարհով նշանակումները ժամանակավոր բնույթ են կրում` մեկ տարի անց նրանք, այնուամենայնիվ, պետք է հաստատվեն Սենատում։

Չհաստատված չորս դեսպաններից երեքի հարցը մտել է Սենատ, հավանություն ստացել, բայց Բրայզայի մասին «մոռացել են», որի պատճառն այն է, որ սենատոր Ռոբերտ Մենենդեսը այդպես էլ չի հանել իր վետոն, որի հետեւանքով հենց անցյալ տարի Բրայզայի թեկնածությունը Սենատում չէր հաստատվել։

Նշվում է, որ Օբամայի վարչակազմը շահագրգռված է, որ Բրայզան Ադրբեջանում շարունակի դեսպանի գործունեությունը, եւ նրան հաստատելու նպատակով ակտիվորեն աշխատում է Սենատի հետ։ «Դեսպան Բրայզան անցած 11 ամիսների ընթացքում մեծ արդյունքների է հասել Ադրբեջանում ամերիկյան շահերը պաշտպանելու, երկկողմ հարաբերությունները ամրապնդելու եւ զարգացնելու գործում», - ըստ «Թուրան»-ի` ասել է Պետդեպարտամենտի իր աղբյուրը, միաժամանակ, շարունակելով. «Վարչակազմը, սակայն, չի կարող միջամտել Սենատի աշխատանքներին։ Դեսպաններին հաստատելը եւ լսումներ կազմակերպելը միմիայն սենատորների իրավասությունն է»:

Ադրբեջանական գործակալությունը հավելում է, որ ըստ փորձագետների` եթե մինչեւ դեկտեմբերի վերջը Բրայզայի թեկնածությունը հաստատելու հարցը Սենատ չմտնի, ապա դեսպանի պաշտոնում նրա գործունեության շարունակելը շատ կբարդանա, հաղորդում է «Ազատությունը»: