Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել նոր սերնդի F-35 կործանիչներ, որպեսզի գերազանցություն ստանա հունական ավիացիայի հանդեպ, տեղեկացրել է Cumhuriyet-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ Պարբերականի տեղեկացմամբ՝ Անկարան F-35-ների մատակարարումների ծրագիր վերադառնալու մասին բանակցությունների ընթացքում Վաշինգտոնին հայտնել է, որ հանուն ռազմական ինքնաթիռների ձեռքբերման չի ակտիվացնի ռուսական ՀՕՊ Ս-400 համակարգերը։ Այդ համալիրները Թուրքիան ՌԴ-ից գնել է 2,5 մլրդ դոլարով, բայց դրանք այդպես էլ չեն շահագործվել եւ մինչ այժմ պահվում են թուրքական պահեստներում, նշել է պարբերականը։
Անկարայում ԱՄՆ դեսպանության բարձրաստիճան ներկայացուցիչը չի հերքել այս տեղեկությունը։ «Այժմ գնդակը Թուրքիայի կողմում է, նրան լավ հայտնի են F-35-ի գնման պահանջները»,- ասել է նա պարբերականի հետ զրույցում։
2017թ. Մոսկվան եւ Անկարան պայմանագիր կնքեցին Ս-400 համակարգերի մատակարարման մասին (2,5 մլրդ դոլարի)։ Վաշինգտոնը ձգտում է խանգարել այդ գործարքին եւ անգամ Թուրքիային հանել է նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից։ Սակայն դա չի օգնել. հրթիռային համակարգերը Թուրքիա են մատակարարվել 2019թ. ամռանը։
Անցած տարվա գարնանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը հայտնել է, որ Անկարայի կողմից Ս-400-ների գնումը «հին խնդիր է» եւ, գուցե, «հնարավոր է, որ եկել է պահը, երբ մենք կարող ենք միջոց գտնել, թե ինչպես լուծենք այդ խնդիրը»։ Նա չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի։
2022թ. մարտին Reuters գործակալությունը, հղում կատարելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Միացյալ Նահանգները ոչ պաշտոնապես Թուրքիայի հետ քննարկել է ռուսական Ս-400-ներն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Վաշինգտոնը խոստացել է Անկարային վերադարձնել F-35-ների մատակարարումների ծրագիր, բայց արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել։ Գործակալության տվյալներով՝ Թուրքիան կարող է ԱՄՆ առաջարկը համարել անտեղի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները չփացնել չցանկանալու պատճառով։
Անցած տարվա մայիսին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հաստատել է, որ այդ տարբերակն իսկապես քննարկվել է, բայց Անկարան մերժել է Վաշինգտոնին։ «Մենք պատասխանեցինք. «Չի կարելի։ Մենք դա գնել ենք մեզ համար»,- ասել էր այն ժամանակ դիվանագետը։





























