Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են։ Օգոստոսի 28-ին, նման կարծիք է հայտնել  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կողմերին մղում ենք լուծելու այս հարցը, բայց, ինչպես հասկանում եք, առանց հրատապ հարցերի շուրջ ձեռք բերված այս պայմանավորվածությունների իրականացման, դա, հավանաբար, իրոք բավականին դժվար է անել»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները Մոսկվան գործող է համարում։

«Հիմա, ինչ վերաբերում է ձեր պնդումներին, թեև ոչ, դուք հարցրեցիք՝ արդյոք գործող ենք համարում եռակողմ հայտարարությունը, այո, մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում 2020 թվականից մինչև 2022 թվականը առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։

Զախարովան հավելել է, որ չգիտի՝ Հայաստանում ինչ-որ մեկը պաշտոնական մակարդակով հրաժարվել է այդ համնաձայնագրերից կամ պաշտոնական հայտարարություն է արել, որ այդ փաստաթղթերն այլևս վավերական չեն: Նա նշել է, որ հետո դրա վերաբերյալ մեկնաբանություն կանեն, սակայն այս պահին Մոսկվայում նման բան չեն լսել:

Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի՝ այդ համաձայնագրերը ներառում են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման բոլոր առանցքային ուղիները։

«Հիշեցնեմ, որ այս համաձայնագրերն ընդգրկում են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման բոլոր առանցքային ուղիները՝ ներառյալ խաղաղության պայմանագրի զարգացումը, սահմանազատումը, սահմանի սահմանագծումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և քաղաքացիական հասարակության միջոցով շփումների զարգացումը»,- մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։