Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությանն սպասում է Նախիջեւանի ճակատագիրը։ Այս մասին «Պատմամշակութային ժառանգության խնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային համաժողովում, որն անցկացվում է օգոստոսի 29-ին Հայաստանի Գիտությունների ակադեմիայում, հայտնել է քարտեզագիր, աշխարհագրագետ Ռուբեն Ղալչյանը։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը փորձում է յուրացնել հայկական մշակութային ժառանգությունը՝ հայտարարելով, որ այն իբր պատկանում է ավղանական մշակույթին։
«Ավելին, Ադրբեջանը փորձում է առաջ տանել կեղծ թեզն այն մասին, որ հայերը տարածաշրջան են եկել XIX դարում»,- նշել է Ղալչյանը։
Քարտեզագիրն ավելացրել է, որ նոր տարածքներ զավթելով՝ ադրբեջանա-թուրքական տանդեմը զուգահեռ իրականացնում է հայկական ժառանգության ոչնչացում։ «Դա տեղի է ունեցել ե՛ւ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ, ե՛ւ հետագա տարիներին Նախիջեւանմում, Ադրբեջանի կողմից։ Նույնն սպասում է նաեւ Լեռնային Ղարաբաղին։ Դա հետեւողական քաղաքականություն է, որն իրականացնում է նույն ռեժիմը։ Ուստի անհնար է հուսալ, որ այդ միտումը կփոխվի, եթե ոչինչ չհակադարձվի»,- ընդգծել է աշխարհագրագետը։
Ղալչյանը համեմատության համար ներկայացրել է հայկական մշակութային ժառանգության վիճակը մուսուլմանական Իրանում։ Նա հիշեցրել է, որ իսլամական հանրապետությունում ոչ միայն խնամքով են պահում հայկական ժառանգությունը, այլեւ մի մասը ներկայացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու համար։





























