Հայերը Վրաստանի Գուրիա մարզում ոսկի են փնտրում, այս մասին Վրաստանի «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում տեղի ունեցած բիզնես-ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանում հայկական կառույց ունեցող «Վրացական ռեսուրս» կազմակերպության տնօրեն Ներսես Կարամանուկյանը, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Կազմակերպության տնօրենի խոսքով, իրենց կազմակերպությունը ոսկի փնտրելու լիցենզիան ստացել է ընթացիկ տարվա սեպտեմբերին:

«Ըստ լիցենզիայի, մենք 18 ամիսների ընթացքում ոսկի փնտրելու աշխատանքների վրա պետք է ծախսենք 1 միլիոն ԱՄՆ դոլար: Ոսկու փնտրման գործընթացը նոր ենք սկսել: Մեր կազմակերպությունը Հայաստանում եւս զբաղված է ոսկու փնտրելու գործով եւ հույսով եմ, որ Վրաստանում նույնպես հաջող աշխատանք կունենանք»,-հայտարարել է Կարամանուկյանը:

Նրա խոսքով, կազմակերպությունը Գուրիայում ոսկի փնտրելու լիցենզիան ձեռք է բերել 306 հազար ԱՄՆ դոլարով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին «Ռեդիսոն» հյուրանոցում տեղի է ունեցել հայ-վրացական բիզնես-ֆորումը, որը բացել են երկու պետություներրի նախագահներ Միխայիլ Սահակաշվիլին եւ Սերժ Սարգսյանը:

Բիզնես-ֆորումին մասնակցել են նաեւ վրացական եւ հայկական կազմակերպության ներկայացուցիչները: