Պակիստանի կաբելային հեռուստաօպերատորներն իրենց երկրում դադարեցրել են BBC World News-ի հեռարձակումը:
Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, հեռուստաալիքին մեղադրել են «հակապակիստանյան բնույթի» հաղորդումների հեռարձակման մեջ:
Հեռուստաալիքն արգելափակվել է «Գաղտնի Պակիստան» ֆիլմի հեռարձակումից հետո, որում նշվել է, թե Պակիստանի հետախուզական գործակալությունը` ISI-ն գաղտնի կերպով համագործակցում է Թալիբանի հետ, թեեւ պաշտոնապես ՆԱՏՕ-ին խոստանում է օգնել այդ շարժման դեմ պայքարում: Փաստագրական այս ֆիլմը Պակիստանում ցուցադրվել է անցած հանգստյան օրերին:
BBC-ն ի պատասխան այդ քայլի հայտարարել է, թե դատապարտում է ցանկացած գործողություն, որը «ոտնձգություն է կատարում իր խմբագրական անկախ քաղաքականության նկատմամբ եւ հեռուստադիտողին խոչընդոտում է լինել օբյեկտիվ լրատվական ծառայության ունկնդիրը»: Ընկերությունում ասել են, թե պնդելու են հեռարձակումը վերականգնելու համար:




























