Ուժայինները ձերբակալել են ՌԴ ՊՆ նախկին փոխնախարար, բանակի գեներալ Պավել Պոպովին։ Նա պաշտոնաթող արված Սերգեյ Շոյգուի տեղակալն էր 11 տարի եւ ղեկավարել է երկրի պաշտպանության կառաարման կենտրոնների համակարգը։ Պոպովին ազատել են երկու ամիս առաջ, տեղեկացրել է «112»-ը։ Նրա դեմ հարուցված գործը կապված է «Պատրիոտ» համալիրի գործունեության հետ։
Պոպովը կասկածվում է խարդախության մեջ (ՔՕ 159 հոդվածի 4-րդ մաս), նշել են Քննչական կոմիտեում։ Քննիչների տվյալներով՝ 2021-2024թթ. գեներալը, պատասխանատու լինելով «Պատրիոտ» համալիրի զարգացման, սպասարկման եւ աշխատանքի համար, զբաղվել է անձնական հարստացմամբ՝ գործելով հաստատության տնօրեն Վյաչեսլավ Ահմեդովի եւ ՊՆ ինովացիոն զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ Վլադիմիր Շեստերովի հետ միասին։ Երկուսն էլ ձերբակալվել են օգոստոսի սկզբին խարդախության գործով։
Ինչպես նշել է քննությունը, Պոպովը «Պատրիոտին» հատկացված միջոցներով իր համար կալվածք է կառուցել Մերձմոսկվայի Կրասնոգորսկի շրջանում՝ ստիպելով աշխատել կապալառուներին եւ չվճարելով նրանց։ Տան կահավորումից եւ հողակտորի բարեկարգումից հետո գեներալը «շարունակել է ի հաշիվ համալիրի ապահովել նաեւ իր 3 հեկտար տարածքով հողակտորի տնտեսական սպասարկումը, նշել են ՔԿ-ում։
Բացի նշված հողակտորից՝ «Պոպովի եւ նրա ընտանիքի սեփականությունն են համարվում անշարժ գույքի բազմաթիվ օբյեկտներ Մոսկվայի, Մոսկվայի մարզի եւ Կրասնոդարի երկրամասի հարուստ շրջաններում»։ ՔԿ գնահատմամբ՝ դրանց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 500 մլն ռուբլի։ Այժմ քննիչներն ստուգում են այդ գույքի ձեռքբերման օրինականությունը։
Պոպովը երկար ժամանակ աշխատել է Շոյգուի հետ։ Սկզբում նա եղել է նրա տեղակալն ԱԻՆ-ում, իսկ հետո տեղափոխվել է ՊՆ։ Բարձրաստճան զինվորականը դարձել է չորրորդ գեներալը Շոյգուի թիմից, որը ձերբակալվել է, եւ երրորդ փոխնախարարը։ Նրանից առաջ դատարանը ձերբակալել էր Դմիտրի Բուլգակովին 1,3 մլրդ ռուբլու կոռուպցիոն գործարքի եւ Թիմուր Իվանովին՝ 1,2 մլրդ ռուբլի կաշառքի համար։ Քննչական մեկուսարան են ուղարկվել նաեւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինն ու ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովը։ Երկուսն էլ մեղադվում ե նկաշառակերության մեջ։
Հուլիսին «Պատրիոտում» կատարվել են քննչական գործողություններ պետական գնումների ժամանակ կատարված հափշտակումների հետ կապված։ Համալիրի կառուցումը ղեկավարել է Իվանովը։ 3,5 հազար հեկտար մակերեսով համալիրի տարածքում են գտնվում ռազմահայրենասիրական թանգարաններ, պատմական իրադարձությունների վերականգնման գոտին, ինչպես նաեւ ՊՆ գլխավոր տաճարը։ «Բաց մեդիաների» տվյալներով՝ միայն վերջինի կառուցման համար ծախսվել է 2 մլրդ ռուբլի բյուջետային միջոց։





























