Բելառուսական «Նովի չաս» պարբերականը հայտնում է, որ բելառուսական ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան, որը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, ենթարկվում է ծաղր ու ծանակի Գոմելի թիվ 4 գաղութում, որտեղ նրան պահում են։ Այս մասին պարբերականին հայտնել է անանուն աղբյուրը։

Պաևրբերականի զրուցակցի խոսքով՝ 2023 թվականի հոկտեմբերից նամակներ չեն հանձնվել Կոլեսնիկովային, մինչդեռ դրանք «պատռում են» նրա աչքի առաջ և «ամեն կերպ ծաղր ու ծանակի են ենթարկում նրան»։ Աղբյուրը նշել է, որ երբ Կոլեսնիկովան բժշկական օգնություն է խնդրել, բժիշկներին երկար ժամանակ թույլ չեն տվել այցելել նրան։

«Երբ Մարիա Կոլեսնիկովային ինչ-որ տեղ տանում են, ամբողջ բանտը արգելափակվում է։ Դա կարծես ռազմական դրություն է»,- ասել է աղբյուրը:

Նա հավելել է, որ գաղութի աշխատակիցները բռնության են ենթարկում այլ քաղբանտարկյալներին, օրինակ՝ իրավապաշտպան Անաստասիա Լոյկոյին։ Նրա խոսքով, գաղութի անձնակազմը «շահարկում է տեղեկատվություն այն մասին, թե արդյոք նրա շունը սատկել է»:

2020 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի դաշնակից Մարիա Կոլեսնիկովան 2021 թվականի վերջին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների կոչերի, ծայրահեղական խմբավորում ստեղծելու և իշխանությունը զավթելու դավադրության համար:

Կոլեսնիկովան դատապարտվել է այն բանից հետո, երբ բելառուսական անվտանգության ծառայությունները նրան երկրից վտարելու անհաջող փորձ են արել։ Կոլեսնիկովային բերման են ենթարկել Ուկրաինայի հետ սահման և ստիպողաբար ուղղորդել դեպի ուկրաինական անցակետ, սակայն չեզոք գոտում նա պատռել է անձնագիրը, իսկ սահմանապահները թույլ չեն տվել անցնել։

«Վիասնա» իրավապաշտպան նախագծի համաձայն՝ օգոստոսի 28-ի դրությամբ Բելառուսում կա 1368 քաղբանտարկյալ։