Իրաքի հակաօդային պաշտպանության ուժերը հինգշաբթի առավոտյան թուրքական անօդաչու թռչող սարք են խոցել հյուսիսային Քիրքուկ քաղաքի օդային տարածքում, գրում է Associated Press գործակալությունը։

ՀՕՊ հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Աբդուլ Սալամը լրագրողներին հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը թռել է Սուլեյմանիի ուղղությամբ և թափանցել Իրաքի օդային տարածք։ Նա նշել է, որ դա թուրքական անօդաչու թռչող սարք էր, որը Քիրքուկի Չիփման շրջանում խոցել են Իրաքի ռազմաօդային ուժերը։

Իրաքի ռազմաօդային ուժերը հայտարարության մեջ նշել են, որ անօդաչու թռչող սարքը ստացել է նախազգուշացում «ըստ ընդունված կարգի», այնուհետև հակաօդային պաշտպանությունը խոցել է այն: Հայտարարության մեջ ասվում է, որ անօդաչու թռչող սարքն ընկել է բնակելի շենքի վրա՝ պատճառելով միայն նյութական վնաս։

«Անօդաչու թռչող սարքի բեկորների փորձաքննության հիման վրա պարզվել է, որ այն թուրքական տեսակի է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրք պաշտոնյաներն առայժմ չեն մեկնաբանել: