Նամիբիայի իշխանությունները նախատեսում են ազգային պարկերի և հանրային տարածքների՝ «կայուն որսի առատությամբ» սպանել ավելի քան 700 վայրի կենդանիների, դրանց թվում՝ փղերի, զեբրերի և գետաձիերի, և միսը բաժանել սննդի պակաս ունեցող մարդկանց, քանի որ երկիրը ապրում է վերջին 100 տարվա ամենասարսափելի երաշտը, հայտնում է CNN-ը։

Կոտորման ենթակա կենդանիների թվում են 83 փիղ, 30 գետաձի, 60 գոմեշ, 50 իմպալա՝ աֆրիկական այծքաղ, 100 երկնագույն վայրի այծեղջերու և 300 զեբր, երկուշաբթի հայտնել է երկրի շրջակա միջավայրի, անտառտնտեսության և զբոսաշրջության նախարարությունը: Վայրի կենդանիները կսպանվեն պրոֆեսիոնալ որսորդների ձեռքով:

Ծրագիրը նպատակ ունի օգնել մեղմելու երաշտի հետևանքները հարավարևմտյան Աֆրիկայի երկրում, նշել են նախարարությունում: Մայիսին Նամիբիան երաշտի հետևանքների վատթարացման պատճառով արտակարգ դրություն է հայտարարել:

Սպասվում է, որ մոտ 1,4 միլիոն մարդ՝ բնակչության մոտ կեսը, կբախվի սննդի լուրջ անապահովության:

Ծրագիրը միաժամանակ կօգնի նվազեցնելու ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածությունը՝ նվազեցնելով վայրի կենդանիների թիվը այն տարածքներում, որտեղ նրանց թիվը գերազանցում է հասանելի արոտավայրերին և ջրերին: