Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ խաղաղության և բարեկամության հաստատումը, լարվածությունից ու հակամարտությունից խուսափելը, ինչպես նաև բոլոր երկրների հետ փոխգործակցությունն ու հարաբերությունների ընդլայնումը իր վարչակազմի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն են, հայտնել է իրանական Mehr գործակալությունը։
«Եթե Իրանին ստիպեն ինչ-որ բան անել պատժամիջոցների և ճնշումների միջոցով, երկրի մոտեցումն ու վարքագիծը միանշանակ կփոխվեն»,- ասել է նա։
Մեկնաբանելով Իրանի և Նորվեգիայի միջև հարաբերությունների պատմական նախադրյալը՝ Պեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված է Նորվեգիայի հետ փոխգործակցության ընդլայնմամբ և հույս է հայտնել, որ այս կառուցողական բանակցություններն էլ ավելի կամրապնդեն երկու երկրների հարաբերությունները՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ու անվտանգության բարձրացմանը համահունչ:
«Շեշտելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգության ապահովման գործում Իրանի առանցքային դերը՝ նախագահը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ձգտել է խաղաղություն և բարեկամություն տարածել և դատապարտում է ցանկացած ագրեսիա աշխարհի ցանկացած կետում»,- գրում են իրանական լրատվամիջոցները։ Նա միաժամանակ նշել է, որ Թեհրանը պատրաստ է համագործակցել՝ աշխարհում բռնության վերացման ու անվտանգության հաստատման ուղղությամբ։
Իրանի նախագահը միաժամանակ քննադատել է ԱՄՆ կառավարության կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) խախտումը և դժգոհել եվրոպական երկրների անգործությունից, որոնք չեն կատարել համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները։
Նորվեգիայի վարչապետն իր հերթին մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ։ Գար Ստերեն նշել է, որ Նորվեգիան, Իռլանդիայի և Իսպանիայի հետ միասին, եվրոպական առաջին երկրներից մեկն է, որը ճանաչել է Պաղեստին պետությունը:





























