Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում հանդիպել է ղարաբաղյան պատերազմին մասնակցած ադրբեջանցի ընտանիքների անդամների հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման ընթացքում Գյուլերը խոսել է «հերոսության» մասին, որը «շահիդները» ցուցաբերել են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար մղվող պայքարում»։
«Ադրբեջանն ազատագրել է իր հողերը օկուպացիայից այնպես, ինչպես վայել է մեր նախնիներին և մեր պատմությանը։ Իր հազարամյա փառահեղ պատմության ընթացքում թյուրք ազգը հերոսություն է ցուցաբերել, նրա ներկայացուցիչները անհրաժեշտության դեպքում նույնիսկ իրենց կյանքն են զոհաբերել։ Ադրբեջանցիները նույնպես պաշտպանել են իրենց հայրենիքը և պայքարել են Ղարաբաղի ազատագրման համար, ինչպես վայել է մեր նախնիներին»,- հայտարարել է նա։
«Իր մարտունակությամբ այն հաստատվել է որպես անփոխարինելի ուժ կովկասյան տարածաշրջանի կայունության և անվտանգության համար»,- հավելել է թուրք նախարարը։ Միաժամանակ նա ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանին։
«Ադրբեջանն ու Թուրքիան երկու պետություն են և մեկ ազգ՝ շաղկապված պատմամշակութային կապերով։ Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժը Ադրբեջանի ուժն է: Թուրքիան Ադրբեջանի կողքին միշտ աջակցել է Ադրբեջանին, և այդպես էլ կլինի»,- նշել է Գյուլերը։





























