Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը տեղեկացրել է, որ համաձայնեցվում են 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի նոր նիստի ժամկետները։ Այս մասին Եվդոկիմովը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում։
Դեսպանը հայտնել է, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը անհանգստություն է առաջացնում երկրի ապագայի համար։ Նա կարծիք է հայտնել, որ համագործակցությունն Արեւմուտքի հետ անվտանգության ոլորտում, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ «Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր խնդիր Հարավային Կովկասում պետք է լուծվի տարածաշրջանի երկրների կողմից, առանց արտաքին միջամտության։ Այս իմաստով խորհրդակցական 3+3 պլատֆորմը օգտակար է։ Ներկա պահին համաձայնեցվում են պլատֆորմի հաջորդ նիստի ժամկետները, որը տեղի է ունենալու արտաքին գործերի նախարարների մակարդակով»,- ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը։
3+3 խորհրդակցական պլատֆորմի առաջին նիստը տեղի է ունեցել 2021թ. դեկտեմբերին։ Այն ժամանակ նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։ Երկրորդ նիստը կայացել է 2023թ. հոկտեմբերին։ Հանդիպումը տեղի է ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանում արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Երկրորդ նիստին Վրաստանը կրկին չի մասնակցել։




























