Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Ալլա Ջիոեւան լույս դեկտեմբերի 1-ի գիշերը Ցխինվալի հրապարակում հավաքված իր կողմնակիցներին կոչ է արել ցրվել եւ տուն գնալ:

Նա հայտնել է, որ իշխանությունների հետ կառուցողական երկխոսություն է սկսվել, եւ հետագա գործողությունները կքննարկվեն այսօր:

Նոյեմբերի 30-ին Ջիոեւան Գերագույն դատարանի նախագահ Ացամազ Բիչենովին բողոք է ներկայացրել քվեարկության արդյունքները կասեցնելու կապակցությամբ: Հայտնի է նաեւ, որ Ջիոեւան հանդիպել է ՌԴ նախագահի վարչակազմի արտերկրի հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Սերգեյ Վինոկուրովի հետ: ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ հանդիպումը փակ է եղել, բանակցությունների մանրամասներ չեն հայտնվում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը,  Հարավային Օսիայի  Գերագույն դատարանը նոյեմբերի 29-ին նախագահի ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Ջիոեւան հաղթել էր, խախտումների պատճառով անվավեր էր ճանաչել: Լրացուցիչ ընտրությունը նշանակվել է 2012թ. մարտի 25-ին: Ջիոեւան դրանց մասնակցելու իրավունք չունի: 

Ընդդիմության նախկին թեկնածուն չի համաձայնել Գերագույն դատարանի որոշմանը, ինչպես նաեւ նոր ընտրությունների նշանակմանը եւ իրեն  Հարավային Օսիայի նախագահ է հայտարարել: Նա նախագահ Էդուարդ Կոկոյտիին երկու պահանջ է ներկայացրել` կասեցնել Գերագույն դատարանի որոշումը եւ հրապարակել ԿԸՀ-ի արձանագրությունը, իսկ այդ պահանջների կատարման դիմաց Կոկոյտիին անվտանգության երաշխիքներ է խոստացել: