Հյուսիսային Օսիայի Պրիգորոդնի շրջանում օգոստոսի 31-ին Ан-2 ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով յոթ մարդ է տուժել։ Նրանք հասցվել են հանրապետության բուժհաստատություններ։
Դրա մասին հայտնել են տարածաշրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ Ինքնաթիռի երկու օդաչուներն էլ ծանր վիճակում են՝ նրանք գանգուղեղի վնասվածքներ են ստացել։
Գերատեսչության տվյալներով՝ երեք վիրավոր երեխաներից երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնում է «Коммерсантъ»-ը։
«2014 և 2016 թվականներին ծնված երկու աղջիկ՝ փափուկ հյուսվածքների բազմաթիվ քերծվածքներ ու կապտուկներ են ստացել։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ»,- ասված է մարզային առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նյարդավիրաբուժական բաժանմունքում հետազոտվում է քունքի շրջանում վնասվածք ստացած 2013 թվականին ծնված տղան: Գերատեսչությունից հայտնել են, որ երկու չափահաս ուղևորներ քերծվածքներ և վնասվածքներ են ստացել։
Վթարային վայրէջքի դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Հետաքննության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել սովորական վարժանքների և լեռնային տեղանքում վեց պարաշյուտիստների մարզումների ժամանակ։
Հարավային ռազմական շրջանի զինվորական դատախազությունը, համագործակցելով մարզային տրանսպորտի դատախազության հետ, հետաքննություն է անցկացնում։ Միջադեպի պատճառները ճշտվում են։





























