Տպավորություն է ստեղծվում, թե միակը, որն իրադարձությունների նման զարգացում է ցանկանում, Իսրայելն է։ Դրա մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Կամուրջներ դեպի Արևելք» փաստագրական ֆիլմի համար տված հարցազրույցում՝ պատասխանելով Իսրայելի, Իրանի և հարևան երկրների մասնակցությամբ մեծ պատերազմի հավանականությանը վերաբերող հարցին։

«Հավանաբար, այս երկրի կառավարությունը (որն այժմ քաղաքականապես բավականին կոշտ է) առանձնապես չի թաքցնում այն ​​փաստը, որ իրենք ցանկանում են օգտվել այս իրավիճակից և մեկընդմիշտ փորձել լուծել ՀԱՄԱՍ-ի, «Հըզբոլլահ»-ի և Սիրիայում ու Իրաքում իրանամետ խմբավորումներին, և, ինչպես ասացիք, բուն Իրանին առնչվող բոլոր խնդիրները»,- նշել է Լավրովը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարի գնահատմամբ՝ Իրանը կտրականապես չի ցանկանում տեղի տալ սադրանքներին կամ ներքաշվել որևէ լայնածավալ ռազմական գործողությունների մեջ։

«Նրան փորձում են սադրել։ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը նոր նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, անշուշտ, սադրանք էր։

Այդ ժամանակ Իրանը չարձագանքեց, բայց հայտարարեց, որ իրեն վերապահում է այդ իրավունքը, քանի որ խախտվել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. միտումնավոր վերացրել են Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հյուրին։

Երբ Թեհրանը հայտարարեց, որ ինքն իրեն իրավունք է վերապահում... Ամերիկացիները սկսեցին համոզել նրան, թե «գուցե կարիք չկա»։ Արդեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և ԵՄ այլ գործիչներ սկսեցին ասել, թե Իրանին կոչ են անում... Արդեն ամեն ինչ գլխիվայր շուռ տվեցին»,- նշել է Լավրովը։

Ըստ ՌԴ արտգործնախարարի՝ արդեն Իսրայելին պետք է հանգստացնել, որ նա այլևս քաղաքական սպանություններ չգործի։

«Իրանը պետք է «կուլ տա» այդ և պատրաստ լինի, թերևս, հետագա իրադրություններին, երբ նրան չկշռադատված քայլերի կդրդեն, և նա պետք է լուռ «յուրացնի» այս ամենը»,- նշել է Սերգեյ Լավրովը։