ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դեսպաններ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 28-30-ին այցելել են Երեւան եւ Բաքու, ասված է միջնորդների` տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարության մեջ:

«Համանախագահներին ուղեկցել է դեսպան Ժակ Ֆորը, ով փոխարինելու է դեսպան Ֆասիեին, որպես Մինսկի խմբի ֆրանսիական ներկայացուցիչ: Երեւանում համանախագահները հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, իսկ Բաքվում նրանք հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ: Բոլոր հանդիպումների ժամանակ համանախագահները հաստատել են իրենց երկրների հաստատակամությունը օգնություն ցույց տալ կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն եւ խաղաղ կարգավորման գործում»:

Հաշվի առնելով շփման գծում վերջին շրջանի միջադեպերի մասին տեղեկությունները` համանախագահները ընդգծել են 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի պահպանման կարեւորությունը: Նրանք շեշտել են, որ նման միջադեպերը ցույց են տալիս շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննման հարցում առաջարկվող մեխանիզմի իրականացման անհրաժեշտությունը, որի հետ նախագահները գործնականում համաձայնվել են: Համանախագահները քննարկել են լրացուցիչ միջոցներ վստահության ամրապնդման եւ մշակութային օբյեկտների, գերեզմանների եւ պաշտանմունքի վայրերի պահմանմանն ուղղված ջանքների համար:

Նոյեմբերի 29-ին համանախագանհերը ոտքով հատել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը, բացի այդ հանդիպել են տեղական պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկեն սահմանամերձ շրջանում ստեղծված իրադրությունը: Համանախագահները նոյեմբերի 30-ին հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ներկայացուցիչների հետ, եւ ընդգծել են, որ խաղաղ կարգավորումը պետք է ընդգրկի բոլոր ներքին տեղափոխությունների ենթարկված անձանց եւ փախստականների` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունքը:

Դեկտեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդի նախօրեին համանախագահները կոչ են արել օգտվել այդ հնարավորությունից, որպեսզի կրկին շեշտեն իրենց պատրաստակամությունը խաղաղ կարգավորման փնտրման եւ անընդունելի ստատուս-քվոյից դուրս գալու համար»,-ասված է հայտարարության մեջ: