Հայաստանի կառավարությունն այսօր` դեկտեմբերի 1-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է ապրիլի 7-ը սահմանել ոչ աշխատանքային օր:
Պատգամավորներն իրենց առաջարկությունը հիմնավորել են հետեւյալ կերպ: Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնը: Դարերի ընթացքում Տիրամայր Մարիամ Աստվածածինը ժողովրդի կողմից մեծարվել է ու դիտվել որպես մայրության կերպար եւ կատարյալ օրինակ, որի համար էլ ապրիլի 7-ը հռչակվել է Մայրության տոն:
«Ճանաչելով Հայ առաքելական սուրբ եկեղեցու սահմանադրական բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում` առաջարկում ենք տոնը սահմանել ոչ աշխատանքային` այդպիսով հնարավորություն տալով ժողովրդին մասնակցելու եկեղեցու կողմից կատարվող արարողություններին»,- իրենց առաջարկում նշել էն ԱԺ պատգամավորները:
Սակայն կառավարությունն իր եզրակացության մեջ նշել է, որ դա լրացուցիչ ծախսեր կառաջացնի գործատուների մոտ, բացի այդ` մարտի 8-ն արդեն իսկ ոչ աշխատանքային է;
Բացի վերը նշվածից, Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովի վերլուծությունների համաձայն, Եվրոպական վերանայված սոցիալական խարտիային միացած երկրներում ոչ աշխատանքային պետական տոները վեցից տասնյոթն են, իսկ Հայաստանում արդեն իսկ սահմանված է տասնվեց ոչ աշխատանքային տոնական եւ հիշատակի օր:




























