Ռուսաստանը գնդակոծել է Խարկովը՝ «Իսկանդեր» հրթիռներով։ Վիրավորվել է 41 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, հայտնել է Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Ըստ նրա, 10-ից ավելի հարված է հասցվել, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ սպորտի պալատը, «Նոր փոստի» մասնաճյուղը և Սալտովսկի թաղամասի առևտրի կենտրոնը։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը պարզաբանել է, որ հրթիռներից մեկը դիպել է մասնավոր բնակելի շենքին, ավերվել է սուպերմարկետը, այրվել է երեք ավտոմեքենա։ Գնդակոծության գոտուց տարհանվել է 30 մարդ։ Վնասվել է նաև Խարկովի մետրոյի «Ակադեմիկոս Պավլով» կայարանի մոտ գտնվող առևտրի կենտրոնը։ Զոհերի մասին չի հաղորդվում։ Օպերատիվ ծառայությունները սկսել են փլատակների մաքրումը:
Ըստ ոստիկանության, հարվածի հետևանքով ճեղքվել է մայրուղային գազատարը, վառելիքի մատակարարումը դադարեցվել է, սակայն գազը շարունակում է մնալ խողովակում։ Խարկովի դատախազության ղեկավար Ալեքսանդր Ֆիլչակովը նշել է, որ գրոհի համար Ռուսաստանը յոթ բալիստիկ հրթիռ է օգտագործել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է հրթիռակոծությունը։ «Ռուսաստանը կրկին ահաբեկում է Խարկովին։ Հարվածներ քաղաքացիական ենթակառուցվածքներին, հենց քաղաքի վրա: <…> Աշխարհը պետք է բոլոր ջանքերը գործադրի այս ահաբեկչությունը դադարեցնելու համար: Սրա համար ոչ թե արտառոց ուժեր, այլ առաջնորդների բավարար քաջություն է անհրաժեշտ՝ քաջություն՝ Ուկրաինային տալու այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար»,- ասել է պետության ղեկավարը։
Նախօրեին Խարկովում սուգ էր հայտարարվել օգոստոսի 30-ին 12 հարկանի շենքի վրա ռուսական ավիահարվածի զոհերի առիթով։ Այդ ժամանակ զոհվել էր վեց մարդ, այդ թվում՝ տասնչորս տարեկան մի աղջնակ։
Բացի Խարկովից, սեպտեմբերի 1-ին ռուսաստանցի զինվորականները «Ուրագաններից» գնդակոծել են Դոնեցկի մարզի Կուրախովո բնակավայրը։ Շրջանային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը հայտնել է, որ հարվածներ են հասցվել մասնավոր հատվածին և բազմահարկ բնակելի շենքերին։ Առնվազն չորս մարդ զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել։ Հարուցվել է քրեական գործ՝ պատերազմի վարման օրենքները խախտելու փաստով։





























