New York Times-ի ամերիկյան երկու անանուն բարձրաստիճան զինվորական աղբյուրներ հայտնել են, որ «բարեկամական կրակոցը, հավանաբար, F-16-ի կործանման պատճառ չի եղել, և որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի քննիչները դիտարկում են մի շարք վարկածներ: Դա կարող էր կապված լինել տեխնիկական անսարքության կամ օդաչուի սխալի հետ»:
Ավելի վաղ թերթը մի այլ հոդված էր հրապարակել, որում նրա աղբյուրները, ընդհակառակը, ամենահավանական պատճառը «բարեկամական կրակոցն» էին համարել։
Անցյալ շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ օգոստոսի 26-ին հրթիռներով և անօդաչուներով Ռուսաստանի զանգվածային հարձակման ժամանակ կործանվել է արևմտյան դաշնակիցներից ստացաած Ուկրաինայի F-16 կործանիչներից մեկը, ինչի հետևանքով զոհվել է օդաչու Ալեքսեյ Մեսը:
Վթարի պատճառները պաշտոնապես չեն նշվում, դրանք պետք է հաստատվեն հատուկ հանձնաժողովի կողմից։
Որպես ոչ պաշտոնական վարկածներ նշվում էին օդաչուի սխալը և մեքենայի անսարքությունը, սակայն ամենասկանդալային վարկածն այն էր, որ արժեքավոր ինքնաթիռը կարող էր խոցել ուկրաինական ՀՕՊ-ը։ Այս վարկածն առաջ էր քաշել քաղաքական գործիչ Մարիանա Բեզուգլայան՝ ուկրաինացի գեներալների դեմ իր խաչակրաց արշավանքի ժամանակ։





























