«Ենի Ազերբայջան» կուսակցությունը, որի առաջնորդը հանրապետության ներկայիս նախագահ Իլհամ Ալիևն է, սեպտեմբերի 1-ին կայացած ընտրությունների արդյունքներով կարող է մեծամասնություն ստանալ նոր խորհրդարանում։ Այս մասին են վկայում էքզիթ-փոլի տվյալները, որոնք օրվա ընթացքում անցկացրել է «Քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության լիգա» սոցիոլոգիական կազմակերպությունը Oracle Advisory Group-ի հետ համատեղ։

Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ընկերության ներկայացուցիչների հայտարարած տվյալների համաձայն, «Ենի Ազերբայջանը» կարող է ստանալ 125 տեղից 63-ը: Ընդհանուր առմամբ, այդ ընկերությունների ներկայացուցիչները հարցումներ են անցկացրել 875 ընտրատեղամասերում, հարցվել է շուրջ 63 հազար ընտրող։ Սխալանքը գնահատվում է 0,45%-1,84%: