Արցախի կորստից հետո սպառնալիքի տակ են հայտնվել Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը եւ Հայաստանի այլ տարածքներ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նա նշել է, որ Հայաստանը դարձել է շատ ավելի խոցելի, չկա ռազմավարական խորք ռազմական տեսակետից, ինչպես նաեւ բանակցային գործընթացի տեսակետից։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանն առանց Արցախի եւ Արցախով երկու տարբեր գործոններ են տարածաշրջանում։
Ղուլյանը նոնսենս է անվանել այն, որ մարդու իրավունքների պաշտպանության դարաշրջանում բոլորի աչքի առջեւ 150 հազարանոց բնակչությունը, որը պետական կազմավորում ուներ, բռնի տեղահանվեց իր հայրենիքից։
Անցած տարիների հաջողության գաղտնիքը նա անվանել է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի նպատակաուղղվածությունն ու միասնականությունը։
Նա վստահություն է հայտնել, որ այս գործոնների բացակայությունն էլ դարձել է ներկա օրերի ողբերգության պատճառը։
«Բացի այդ, աստիճանաբար քարոզչություն է վարվել այն մասին, որ կան ավելի բարձր արժեքներ, քան ազատագրական պայքարը։ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի եւ փորձագիտական հանրույթի այսօրվա անհանգստությունը կապված է այն բանի հետ, որ թույլ չտրվի այն սխալների կրկնությունը, որոնք Հայաստանում թույլ են տրվել Արցախի հարցում»,- ավելացրել է քաղաքական գործիչը։
Ղուլյանը նշել է, որ հայերի Արցախ վերադարձի մասին ամենուրեք խոսում են, այդ թվում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իրանում, Եվրոպայում, բայց չգիտես ինչու նույնը չեն անում Հայաստանի իշխանությունները։
«Արտաքին խաղացողներին եւս զարմացնում է այն, որ Հայաստանը պետական մակարդակով չի գլխավորում հայերի Արցախ վերադարձի հանրային գաղափարը, չէ՞ որ այդ քաղաքականությունը կուժեղացներ Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերը։ Մենք չպետք է հանձնենք մեր սուբյեկտայնությունը, իսկ սուբյեկտայնությունը կապված է այն բանի հետ, թե ով է ընդունում այս կամ այն որոշումները եւ ում օրակարգին են դրանք համապատասխանում»,- ամփոփել է նա։





























