Ես հիմա էլ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր եմ, էդ միայն Հայաստանի որոշ պաշտոնյաների համար մենք պատգամավոր չենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ՀՅԴ-ի կազմակերպած «Վերադարձ» միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

«Մեզ ժողովուրդն է ընտրել, եւ մենք շարունակում ենք մեր լիազորություններն ու պարտականություններն իրականացնել հնարավորության չափով:

Ինչ վերաբերում է այս տոնակատարությանը, սա առաջին տարին չէ, որ ՀՅԴ-ն կազմակերպում է: ՀՅԴ-ն միշտ նշել է եւ շարունակում է նշել Արցախի Անկախության օրը: Միայն արտառոցը այն է, որ առաջին անգամ այս տոնը Արցախում չենք նշում, նշում ենք մեր երկրորդ հայրենիքում՝ Հայաստանում»:

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում Արցախի վերադֆարձը, Մոսիյանն ասաց. «Մեր ժողովուրդն իր իրավունքը ոչ մեկին չի զիջել: Թեկուզ բռնի ուժով մեր ժողովուրդը տեղահանվել է իր հայրենիքից, բայց դա չի նշանակում, որ նա հրաժարվել է իր ինքնորոշման իրավունքից: Վերադարձը պատկերացնում ենք հավաքական վերադարձ, առնվազն միջազգային այնպիսի երաշխիքներով, որոնցով այս ժողովրդին հնարավոր չլինի իր բնօրրանից հանել»: